Հանրապետական կուսակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը երկրի ապագայի համար ոչ վտանգավոր, բայց ռիսկային է համարում սահմանադրական փոփոխությունների գործընթացը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատգամավորը այդ ռիսկերը կապեց այն հանգամանքի հետ, որ կառավարման այս ձևը իր նախադեպը չի ունեցել. «Խորհրդարանական կառավարման համակարգ ունենալ նշանակում է ունենալ կայացած կուսակցություններ, ներքին ժողովրդավարություն»:
Հարցին՝ բայց այդ ամենը չկա, ուրեմն ինչո՞ւ եք սկսել այս գործընթացը, պատգամավորը պատասխանեց, թե սա հավի ու ձվի պատմությունն է՝ որպեսզի այդ ամենը լինի, պետք է անցում կատարենք խորհրդարանական համակարգին:
Դիտարկմանը՝ գուցե պետք էր իրավիճակ փոխել, համապատասխան քաղաքական դաշտ ստեղծել այս գործընթացներն սկսելուց առաջ, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Թեև ռիսկայնությանը՝ կուսակցական համակարգի կայացման և ընդդիմադիր կուսակցությունների դերի բարձրացման առումով այստեղ մեծ խթաններ կան: Ընդդիմությանը տրվում են աննախադեպ լիազորություններ, որոնց մասին նա տասնամյակներ շարունակ երազել է»:
Լևոն Մարտիրոսյանը կարծում է, որ Սահմանադրությունից պետք է հանվեն այն ձևական կետերը, որոնք տասնամյակներ շարունակ չեն գործել և չեն գործելու: Դրանց թվում է այն կետը, համաձայն որի՝ պատգամավորին արհեստականորեն արգելվում է այլ վարձատրովի աշխատանքով զբաղվել՝ շատ լավ իմանալով, որ նա շարունակում է դա անել: