ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր ուղերձ-վերջնագիր է հանձնել ՀՀ նախագահի նստավայր՝ ուղղված Սերժ Սարգսյանին: Նա Սարգսյանից պահանջում է հանրաքվեի չդնել սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
«Իմ ուղերձ-նամակը այն բանի համար էր, որ Սերժ Սարգսյանը գիտակցաբար գնա պատմական պատասխանատվությանը: Հակասահմանադրական գործընթացը չի կարող բերել առողջ սահմանադրության: Այսօր ողջ հանրությունը հասկանում է, որ մենք գործ ունենք սահմանադրական դավադրության հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ նախագահը:
«Կեսարինը՝ Կեսարին, Աստծունը՝ Աստծուն,- ասաց Պ. Հայրիկյանը՝ անդրադառնալով առաջին և երկրորդ նախագահների հետ հնարավոր համագործակցությանը.«Եթե Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունենում և ճիշտ բաներ է ասում, պետք է ասես՝ ճիշտ է, իսկ, օրինակ, Մարտի 1-ի հարցում, սխալ է: Սահմանադարական փոփոխությունների հարցով պատրաստ եմ աշխատել և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, այլ հարցերով չէ: Այս փուլում մեզ ի՞նչն է մտահոգում, չեղարկել այս խուլիգանությունը՝ հանրաքվեն: Բացի այն, որ սա ապօրինի գործընթաց է, սա նաև հետընթաց է:
Պարույր Հայրիկյանը գլխավոր դատախազություն է դիմել, որպեսզի քննության առնվի սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի գործունեությունը. «Հասնելու ենք նաև միջազգային ատյաններ, որպեսզի կանխենք այս խուլիգանությունը և ստիպենք իշխանություններին հրաժարվել հակասահմանադրական գործընթացից»: