Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Իրանը չի զգում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարիքը, քանի որ Իրանը հզոր ու անկախ երկիր է:
«Մենք առանձնակի չենք զգում Ամերիկայի հետ հարաբերությունների կարիքը, քանի որ իրանական ազգը անկախ, մեծ և հզոր է»։
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը Իսլամական հեղափոխությանը հաջորդած գրեթե 37 տարում վարել է Իրանին վնասելու քաղաքականություն և բառացիորեն մասնակցել Իսլամական հանրապետության դեմ յուրաքանչյուր դավին։
Վելայաթին ընդգծել է, որ Իսլամական հեղափոխությունից հետո ԱՄՆ-ը սառեցրել է իրանական ակտիվները, օգնել է Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնին պատերազմ սանձազերծել Իրանի դեմ։ Վելայաթին ԱՄՆ-ին մեղադրել է նաև այն երկրներին հալածելու համար, որոնք սերտ հարաբերություններ են ունեցել Իրանի հետ, ինչը մասնավորապես վերաբերում է Սիրիային։