ՆԱՏՕ-ն չի պատրաստվում Մոսկվայի հետ կիսվել հետախուզական տվյալներով, քանի դեռ Ռուսաստանն աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դուգլաս Լյութը:
«Մենք, հնարավոր է, ունենք ընդհանուր շահ՝ հաղթել ԴԱԻՇ-ին, սակայն մենք չունենք միասնական նպատակ այն հարցում, ինչը վերաբերում է Ասադի ռեժիմին աջակցելուն: Ակնհայտ է, որ ռուսական ուժերը գործում են Ասադին աջակցելու նպատակներով, սակայն միջազգային կոալիցիայի անդամները կարծում են, որ նա պետք է հեռանա»,- հեռախոսային ճեպազրույցի ժամանակ ասել է Լյութը:
Նրա խոսքով՝ քանի դեռ կոալիցիան և Մոսկվան նպատակների այդպիսի անհամապատասխանություն ունեն, ինքը ռուսական կողմին հատուկ ծառայությունների տեղեկության տրամադրման հեռանկարներ չի տեսնում: Նա նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի ռազմական գործողություններն ուղղված են նաև սիրիական ընդդիմության դեմ, որը «Սիրիայում քաղաքական լուծման մաս է»: