«Սահմանադրության հանրաքվեի հարցի հետ որևիցե կապ չունի այն որոշումը, որ քննարկվել և կայացվել է մեր կուսակցության նիստում,- «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը,- քննարկել ենք մեր ներքին խնդիրները, մեր տարբեր պատգամավորների վարքագիծը, գործունեության արդյունավետությունը, հետագայի մի շարք ծրագրեր: Այսօր խորհրդարանում հարց ու պատասխանի ռեժիմ կա, քննարկել ենք նաև այդ հարցերը»:
Միջազգային կազմակերպություններից հետ են կանչվել Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, Միքայել Մելքումյանը: Ըստ Վ. Էնֆիաջյանի՝ դա պայմանավորված է նրանով, որ արդարացի կլինի, որ այլ պատգամավորներ էլ ներգրավվեն պատվիրակությունում:
Քվեարկությանը չմասնակցած պատգամավորների հանդեպ գործողություններ կիրառելու մասին ԲՀԿ քարտուղարը նշեց. «Բնականաբար գործողություններ կլինեն, որոշումներ էլ կլինեն, առաջիկայում հրապարակային հայտարարություններով մեր ներկայացուցիչները հանդես կգան»: