Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

«Խաբար չկա՞ Գերմանից». որդուն դաժանաբար սպանելուց և թաղելուց հետո հայրը 2 օր շարունակ այս հարցն է տվել հարսին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց Կարապետ Ոսկանյանի գործի դատական քննությունը:

75-ամյա Կարապետ Ոսկանյանը մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Համաձայն մեղադրանքի՝ նա սպանել է իր 47-ամյա որդուն՝ Գերմանին…

2015 թվականի հունվարի 26-ին ոստիկանություն է դիմել Գերմանի կինը և հայտարարություն է տվել, որ ամուսինը կորել է:

Գերմանի հայրը հայտնել է, թե որդուն վերջին անգամ տեսել է հունվարի 25-ին, ժամը 17-ի սահմաններում, շենքի բակում. Գերմանը, իբր, երեք ռուսախոս տղամարդկանց հետ գնացել է անհայտ ուղղությամբ…

Հունվարի 27-ին Գերմանի հայրը խոստովանել է, որ իրենց ավտոտնակում որդու հետ վիճաբանություն էր եղել, որի ժամանակ ինքը կացնի հարվածներ էր հասցրել որդուն, վերջինս… սպանվել էր…

Որդու մարմինը որդեկորույս հայրը… նետել էր ավտոտնակում գտնվող դիտահորի մեջ, վրան էլ… հող էր լցրել…

Այդ գործողություններից հետո էր նա ոստիկանությունում բացատրություն գրել՝ իբր որդին ինչ-որ ռուսախոսների հետ հեռացել ու չի վերադարձել…

Ավտոտնակի դիտահորում հայտնաբերվել է Գերման Ոսկանյանի դիակը՝ գլխի հատվածում բազմաթիվ վնասվածքներով: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք կացինը, որի վրա արյան հետքեր կային…

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հունվարի 25-ին, ժամը 17-ի սահմաններում Կարապետ Ոսկանյանն իրենց ավտոտնակում  վիճել է որդու՝ Գերմանի հետ:

Վիճաբանության ընթացքում 75-ամյա հայրը վերցրել է ավտոտնակում գտնվող կացինը, դրա սուր և բութ մասերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 47-ամյա որդու գլխին, աջ ճակատ-գագաթային շրջանի սրակոտոր վնասվածքի, աջ գագաթ-ծոծրակային շրջանի աստղաձև սրակոտոր վնասվածքների, քթի մեջքի շրջանի սրակոտոր վնասվածքի, ձախ ծոծրակային շրջանի անկյունաձև սալջարդ վնասվածքի ձևերով կյանքին անհամատեղելի վնասվածքներ է պատճառել և սպանել նրան:

Դատարանը լսել է տուժողի իրավահաջորդի՝ սպանված Գերմանի կնոջ ցուցմունքը, համաձայն որի՝ Գերմանը մոտ տասը տարի՝ սկսած 2002 թվականից, մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Նրա ընտանիքը՝ կինն ու երկու երեխաները մնացել են Գերմանի ծնողների հետ Երևանում:

Գերմանն ամեն ամիս միջինը 500 դոլար է ուղարկել կնոջ անունով, կինն այդ գումարն ամբողջությամբ տվել է սկեսրայրին՝ ամբաստանյալի աթոռին նստած Կարապետին: Նրան է տվել նաև իր աշխատավարձը:

Ըստ Գերմանի կնոջ՝ ընտանիքում գլխավոր տեղում եղել են ամուսնու ծնողները, նրանք են տնօրինել որդու և հարսի աշխատած գումարները: Տասը տարվա ընթացքում որդու վաստակած գումարներով Կարապետ Ոսկանյանը նորոգել է իրենց համատեղ բնակարանը, զբաղվել է կենցաղային հարցերի լուծմամբ, ինքն է եղել միանձնյա ղեկավարը:

2012 թվականին Գերմանը Երևան է եկել դստեր նշանադրության առիթով, ու պարզել է, որ իրենց ընտանիքում հետ գցած գումարներ չկան, դստեր նշանդրեքը պետք է… պարտքով անեն: Հարցեր են առաջացել Գերմանի մոտ, որոնց պատասխանները չի ստացել:

Նշանդրեքն ու հարսանիքը պարտքով արել են:

Այս իրավիճակից Գերմանը դժգոհ է մնացել: Նա հարց է բարձրացրել, թե տարիների իր աշխատանքից հնարավոր չէ՞ր գումար հետ գցել: Հայրն ասել է, որ տանը գումար չկա…

Գերմանը իր խնամիների հետ շփումների արդյունքում որոշել է այլևս արտագնա աշխատանքի չմեկնել, մնալ ու աշխատել Երևանում:

Գերմանն ու կինը, համատեղ ապրելով Գերմանի ծնողների հետ, որոշել են այդուհետ իրենց վաստակած գումարները տնօրինել ինքնուրույն:

Այս որոշումն է, որ սրել է Գերմանի ու նրա ծնողների հարաբերությունները:

Ինչպես ներկայացրեց Գերմանի այրին՝ Կարապետը չի հանդուրժել, որ 47-ամյա որդին վերջապես ինքնուրույն է դարձել, ըմբոստացել է անվերջ հորից կախման մեջ գտնվելու վիճակի դեմ:

«Արդեն մեր աղջիկը ամուսնացած էր, խնամու տեր էինք, ինչի՞ նման կլիներ, որ Գերմանը ամեն առիթով մոտենար հորն ու այս կամ այն բանի համար անվերջ փող խնդրեր, հենց իր վաստակած փողը»,- ասաց տուժողի իրավահաջորդը:

Որդու ինքնուրույնությունը դուր չի եկել ոչ միայն հորը, նաև՝ մորը: Վերջինս ավելի անբարյացակամ է տրամադրվել որդու ընտանիքի հանդեպ, տուժողի իրավահաջորդի խոսքերով՝ հաճախ «անեծքաչոր» է արել իր զավակին ու նրա ընտանիքը:

Գերմանի այրին հիմնականում հենց սկեսուրին մեղադրեց՝ հոր և զավակի հարաբերությունների լարման համար: Կարապետը կնոջը շատ էր սիրում, նրան միշտ պաշտպանում էր…

Բանն այնտեղ է հասել, որ նույն բնակարանում ապրող ծնողներն ու որդու ընտանիքը սկսել են առանձին կենցաղ վարել, առանձին սնվել:

Կենցաղային հողի վրա՝ գումարային, միջանձնային այլևայլ  խնդիրների շուրջ Գերմանի, նրա ընտանիքի ու նրա ծնողների հարաբերությունները բավական լարվել են, բայց ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ այդ ««հասարակ» թվացող լարվածությունը կհանգեցնի մեծ ողբերգության:

Դեպքի օրը՝ 2015 թվականի հունվարի 25-ը, կիրակի էր: Ըստ ցուցմունքի՝ կինն առավոտյան գնացել է աշխատանքի, իսկ ավտոփականագործ Գերմանն այդ օրը չէր աշխատում: Նա կնոջն ասել է, որ «գարաժում» գործ կա անելու: Կինը հասկացել է՝ ամուսնու աշխատավայր «գարաժում»:

Օրվա կեսին կինը հեռախոսով խոսել է ամուսնու հետ, խնդրել է, որ նա հաց գնի: Երբ աշխատանքից կինը տուն է վերադարձել ամուսինը տանը չի եղել:

Կինը զանգել է նրան, որ խնդրի՝ սուրճ ևս գնել, բայց ամուսնու հեռախոսը չի պատասխանել:

Բանակում ծառայող որդուց լուրերի սպասող կինը տանը գնացել-եկել է՝ սպասողական վիճակում: Ամուսինը չի եկել:

Ամուսնու ծնողները ժամը 18-ի սահմաններում նստել են ընթրելու: Ըստ տուժողի իրավահաջորդի՝ Կարապետը բոլորովին լարված չէր, նա, նույնիսկ կարելի է ասել, ուրախ էր, տրամադրությունը մի տեսակ՝ հաղթական:

Նա հարսին կանչել է սեղանի մոտ՝ իրենց հետ հաց ուտելու, ասել է՝ լարված ես երևում, մի բաժակ օղի խմի: Հարսը նստել է Կարապետի կողքին, մի բաժակ օղի է խմել: Ասել է, թե լարված է, որովհետև Գերմանը դեռ տուն չի եկել: Կարապետը հանգիստ ասել է՝ դու հաց կեր, Գերմանն էսօր կուշանա…

Կինն անհանգստացել ու զարմացել է, որ ամուսինն իրեն չի զգուշացրել ուշանալու մասին:

Կարապետը հանգիստ ասել է, որ ժամը 17-ի սահմաններում իրենց բակ է եկել մի սև, «կոտոշավոր» մեքենա, որի մեջ երեք ռուսներ կային: Նրանք երևի Գերմանի ռուսաստանյան ընկերներից էին: Մոտեցել են Գերմանին, ասել են. «Բռատ, կակ խառաշո, չտո մի տեբյա նաշլի», փաթաթվել են, պաչ-պռոշտի են արել ու Գերմանին իրենց հետ տարել են…

Գերմանի այրին ասաց, թե այս պատմությամբ Կարապետը երեք օր շարունակ «հարթուկել է» իրենց գլուխները՝ անընդհատ պատմությանը նոր երանգներ ավելացնելով…

Նա հարսին ասել է, որ Գերմանը ռուս ընկերների հետ գնացել է, պարզ է, որ ուշ կվերադառնա:

Գերմանի կինը փոքր-ինչ հանգստացել է, բայց նորից է զանգել, ամուսնու հեռախոսը չի պատասխանել: Կնոջը  տարօրինակ է թվացել, որ Գերմանը հետը տարել է նաև տան համար գնած հացը: Գերմանը կնոջ հետ հեռախոսով խոսելիս ասել էր, որ հացն առել է, տուն է գնում…

Կինը սկեսրայրին հարցրել է. «Հացն էլ հե՞տը տարավ»: Կարապետը զարմացած է ձևացել. «Ի՞նչ հաց»: «Տան համար հաց էր առել»: «Ես չգիտեմ, մինչև ակնոցս դրեցի, որ լավ տեսնեմ՝ ում հետ է գնում, նրանց մեքենան արդեն բակից դուրս եկավ»,- ասել է Կարապետը:

Կինն ամուսնուն սպասել է մինչև կեսգիշեր: Ամուսնու հեռախոսը համառորեն չի պատասխանել:

Առավոտյան ժամը յոթի սահմաններում Կարապետը մտել է նրանց ննջասենյակ ու հարսին հարցրել է. «Խաբար չկա՞ Գերմանից»: Հարսը պատասխանել է՝ չէ:

Գնացել է աշխատանքի: Անընդհատ զանգել է ամուսնու հեռախոսին: Պատասխան չի եղել:

Ժամը 15-ի սահմաններում կինը սկսել է հետաքրքրվել հարևաններից՝ ո՞վ է բակում վերջին անգամ տեսել Գերմանին:

Պարզվել է՝ հարևաններից մեկը հենց մուտքի մոտ տեսել է հացի տոպրակը ձեռքին տուն վերադարձող Գերմանին: Մի քիչ զրուցել են: Այդ ժամանակ տնից իջել է Գերմանի հայրն ու գնացել է ավտոտնակ: Գերմանը հրաժեշտ է տվել հարևանին, ասել է. «Պապան ինձ է սպասում, գնամ տեսնեմ՝ գարաժում ի՞նչ գործ կա անելու»: Եվ հացի տոպրակը ձեռքին գնացել է ավտոտնակ:

Եվս մի հարևան տեսել էր, թե ինչպես է Գերմանը հոր հետևից ավտոտնակ մտնում: Անծանոթ մեքենա կամ անծանոթ ռուսներ, որոնք «պաչ-պռոշտի են արել Գերմանին ու իրենց հետ տարել»՝ բակում ոչ ոք չէր տեսել:

Գերմանի կինը զանգել է աղջկա ամուսնուն, ասել է, որ անհանգստացած է, պետք է քայլեր ձեռնարկել Գերմանին գտնելու համար:

Փեսան կանչել է Գերմանի քեռու տղաներին, սկսել են հարցուփորձ անել հարևաններին: Բոլոր խոսակցությունների առանցքում եղել է «գարաժը»: Նրանք մոտեցել են ավտոտնակին: Այդ ավտոտնակի դարպասի ու տանիքի արանքում բաց տեղ կա, հնարավոր է ներս նայել:

Փեսան բարձրացել, ներս է նայել, զգացել է, որ ներսում ինչ-որ մեկը շարժվում է: Ասել է՝ տղերք, ներսում մարդ կա: Սկսել է ավտոտնակի դուռը թակել:

Ըստ Գերմանի այրու՝ սկեսրայրը ավտոտնակում գործ անելիս երբեք դուռը չէր փակում: Այս անգամ ավտոտնակի դուռը ներսից փակել էր:

Փեսայի համառ թակոցներից նա վախեցել, ավտոտնակի դուռը բացել է, բայց չի թողել, որ երիտասարդները ներս մտնեն: Նա եղել է «սփրթնած», քրտնած: Ասել է՝ հա, գործ էի անում, քրտնել եմ, արդեն դուրս եմ գալիս, գնամ տուն, հանգստանամ: Դրսից ավտոտնակի դուռը փակել ու տուն է գնացել:

Փեսան զանգել է զոքանչին, ասել է, որ ավտոտնակի բանալին է պետք, ուզում են ստուգել՝ ներսում ի՞նչ կա, որ Կարապետը իրենց ներս չթողեց:

Գերմանի կինը բանալին իջեցրել է: Երիտասարդները մտել են ավտոտնակ:

Ներսում միշտ լամպ է եղել, որը գարաժ մտնելիս միացրել են: Հիմա լամպը հանված է եղել…

Երիտասարդները մթության մեջ՝ հեռախոսի լույսով են զննել ավտոտնակի ներսը: Մեկը նույնիսկ դիտահորն է մտել ու նայել, բայց Կարապետը այնպես «վարպետորեն» էր քողարկել հանցագործության հետքերը, այնպես էր թաղել իր ձեռքով սպանված որդուն, որ երիտասարդները առաջին հայացքից ոչինչ չեն նկատել: Գերմանի այրին սկեսրայրի մասին ասաց. «Յուվելիրնի աշխատանք էր արել, էնպես էր թաղել տղային, որ ոչ մի բան չէր երևում…»:

Կինը փեսայի հետ գնացել է ոստիկանություն, հայտարարություն է տվել, որ ամուսինը տուն չի վերադարձել, նրա հեռախոսը չի պատասխանում:

Նրանց տուն են գնացել բարեկամները: Կարապետը Գերմանի ռուս ընկերների մասին պատմությունը պատմել է ավելի «ճոխացված»՝ ասել է, թե այդ ռուսներն իրենց բակ են եկել երկու մեքենայով՝ սև ու սպիտակ: Նրանք փաթաթվել, համբուրվել են Գերմանի հետ, բայց, ըստ Կարապետի, նրանց համբույրների մեջ ինքը «կեղծ բան է նկատել…»:

Կարապետի հետ զրույցը կասկածներ է առաջացրել ոստիկանների մոտ: Նրանք Գերմանի կնոջն ասել են. «Ամեն բան բիձու տակն ա»: Բայց Կարապետը շարունակել է անտեղյակ ձևանալ ու պատմել ռուսների մասին պատմությունը: Այդ օրերին ամբողջ հանրապետությունը ցնցված էր Գյումրիում Պերմյակովի կատարած ոճիրից…

Երրորդ օրը ոստիկանները ստուգել են «Երևան սիթիի»՝ Գերմանենց շենքի բակն ընդգրկող տեսախցիկների տեսանակարահանումները՝ դեպքի օրը կատարված: Պարզվել է՝ այդ բակ նշված ժամերին ոչ մի անծանոթ սև-սպիտակ մեքենա չի մտել:

Ոստիկանները մտել են ավտոտնակ՝ տեղազննության: Մեծ լամպ են վառել, լուսավորության պայմաններում ստուգել են:

Սկզբում նրանք էլ բան չեն նկատել:

Ոստիկաններից մեկը մտել է դիտահորն ու սկսել է քանդել հողը: Գերմանի կինը նկատել է հացի տոպրակը: Նա աղմուկ է բարձրացրել՝ ստեղ էս ի՞նչ ա կատարվում…

Ավտոտնակի պատի տակ՝ ներսում, զննություն կատարողները գտել են մի տոպրակ, որում եղել են Գերմանի շորերը՝ արյունոտ…

Դիտահորում թաղված հայտնաբերվել է Գերմանի դիակը:

Կարապետին տարել են ոստիկանություն:

Ժամը 16-ից մինչև 21-ը նա չի ընդունել, որ առնչություն է ունեցել որդու սպանությանը: Ավելին, ոստիկանության շենքում նա դուրս է եկել միջանցք, նայել է Գերմանի կնոջ դեմքին ու ասել է՝ տեսնես ո՞վ կարող էր էդպիսի բան անել…

Ուշ երեկոյան Կարապետը վերջապես խոստովանել է, որ ավտոտնակում վիճել է որդու հետ, ապա կացնի հարվածներով սպանել է նրան: Իսկ հաջորդ օրը նրան թաղել է ավտոտնակի դիտահորում…

Ոստիկաններն ասել են, որ իրենց պրակտիկայում այդքան համառ ծերունու չէին հանդիպել…

«Թող Գերմանը լիներ ամենաստոր որդին, ամենասրիկա մարդը, բայց ո՞ր ծնողն էդպես կսպանի իր զավակին… Գերմանը հաղթանդամ, առնական տղամարդ էր…»,- ցավով ասաց Գերմանի այրին ու ավելացրեց. «Ինչքան էլ տարաձայնություններ ունենար Գերմանը հոր հետ, նրան միշտ շատ է սիրել, միշտ ասում էր՝ ես հորս ցավը տանեմ…»:

Տուժողի այրին Կարապետին քաղհայցի պահանջ չներկայացրեց, բայց ասաց, որ ինքը միայն ցանկանում է իմանալ ճիշտը՝ ի՞նչ է եղել ավտոտնակում, ի՞նչն է առիթ դարձել, որ Կարապետը այդպես անգթորեն սպանել է որդուն, այդպես սառնասրտորեն թաղել է ու իրեն այդպես է պահել հետագա օրերի ընթացքում…

Կարապետը հարսի ցուցմունքի ամբողջ ընթացքում դժգոհում էր, փնթփնթում, վերջում էլ ասաց՝ ես ճիշտը կասեմ, դուք կիմանաք…

Սպանված որդու համար ցավի արտահայտություն նա չարեց, բայց աշխուժորեն նկատեց, որ իրենց բնակարանի սեյֆի մեջ տասնհինգ հազար պիտի որ լիներ, մինչդեռ սեյֆը բացած ոստիկանները այնտեղ ոչինչ չէին հայտնաբերել…

Կարապետի կինը՝ Գերմանի մայրը, որ «անեծքաչոր էր անում» որդուն, ներկայումս… ծերանոցում է, աղջիկներ ունեն, բայց նրանք էլ չեն ցանկացել պահել իրենց մորը՝ ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը: Կարապետն էլ դատարանին խնդրել էր իրեն կալանքից ազատել, որ գնա «ծեր կնոջը տիրություն անի»…

Դատարանը Կարապետ Ոսկանյանի խափանման միջոց կալանավորումը չի փոխել:

Դատարանը հարցաքննեց վկա Մանուկ Գ.-ին՝ Կարապետի կրտսեր եղբորը. «Հորից տարբեր ենք, մորից՝ մեկ»,- ասաց Մանուկը:

Նա հայտնեց, որ հունվարի 26-ի իրիկունը մեծ ախպերը՝ Կարապետը, զանգել է իրեն ու ասել է. «Քեզի վատ լուր ունեմ ասելու. Գերմանը չկա»:

Առավոտյան վկան իրենց մյուս եղբոր հետ գնացել է Կարապետի տուն: Կարապետը նրանց պատմել է, որ նախորդ օրը Գերմանը ինչ-որ ռուս ընկերների հետ պաչ-պռոշտի է արել և մեքենայով բակից գնացել է:

Կարապետի տանը գտնվողներին, այդ թվում՝ Մանուկին, տարել են ոստիկանություն: «Իրիկունը իմացանք, որ Գերմանին սպանել են, տոչնի չիմացանք՝ ով, մինչև հիմա էլ ես չեմ հավատում, որ Կարապետն է սպանել… Լսելը քիչ բան ա, ես ուզում եմ ճիշտը իմանամ… Հեռուստատեսությամբ տեսել եմ՝ դիակը որտեղից են գտել, դա ի՞նչ կապ ունի…Նրանք նորմալ, շատ սիրով ընտանիք էին… Կարապետը համեստ, խելոք, ժողովրդի կողմից հարգված մարդ ա, սեղանների զարդ…»,- ամբաստանյալի աթոռին նստած եղբորը պաշտպանության տակ առավ Մանուկը:

Հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը, որտեղ, այնուամենայնիվ, ասել էր, թե խոսակցություններից լսել է, որ Գերմանի ու ծնողների հարաբերությունները վատ են եղել:

Վկան դատարանում նշեց, թե «վատ հարաբերություն» ասելով՝ նկատի է ունեցել հոր ու որդու ընտանեկան խոսակցությունները՝ տան, տնտեսության վերաբերյալ, դրանք լուրջ չեն եղել, «պարոն քննիչը սխալ է ձևակերպել» իր ասածը, Կարապետի ու Գերմանի մեջ «շատ ուժեղ ջերմություն կար… Ես էդ ձևի ընտանիք չեմ տեսել, իմ դեմն ա էղել էդ ջերմությունը…»:

Դատարանը հրապարակեց Հայաստանից բացակայող երկու վկաների նախաքննական ցուցմունքները, որոնցից հետաքրքրություն էր ներկայացնում հատկապես Գերմանի քեռու որդու ցուցմունքը: Նա նշել էր, թե հորաքրոջ որդու՝ Գերմանի հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ է եղել, իսկ իր հորաքրոջ ու նրա ամուսին Կարապետի հետ համարյա չի շփվել, «նրանք շատ անդուր մարդիկ էին»: Ըստ այս վկայի՝ Գերմանը նրան ասել էր, որ ծնողների հետ լարված հարաբերությունների մեջ է, որ պարբերաբար հայհոյում են միմյանց… Գերմանի դժգոհությունը հիմնականում մորից է եղել…

Դեպքի օրը՝ հունվարի 25-ի կեսօրին, Գերմանը գնացել է այս վկայի աշխատավայր: Ասել է, թե իրենց ավտոտնակում գործ պիտի անի:  Վկան մեքենայով Գերմանին տարել է Ծերեթելու անկյուն, Գերմանն ասել է, թե հաց է առնելու և գնա տուն:

Դրանից հետո վկան Գերմանին չի տեսել… Նրան զանգել է Գերմանի խնամին, ասել է, թե Գերմանը կորել է: Վկան գնացել է Գերմանենց տուն, նա էլ է մտել ավտոտնակ, բայց ոչինչ չի նկատել: Նրան տարօրինակ է թվացել Կարապետի պահվածքը, ով ավտոտնակի ներսում է եղել, իրենց թակոցի վրա դուռը բացել է՝ սփրթնած, փոշոտ, հոգնած… Վկան նույնպես հարևաններից լսել է, որ Գերմանին վերջին անգամ տեսել են գարաժի մոտ հոր հետ խոսելիս…

Այս վկայի ցուցմունքի հրապարակումից հետո Կարապետ Ոսկանյանն ասաց. «Չարաչար սխալված ցուցմունք էր, կուզեի, որ այդ ցուցմունք տվողը պատժվեր…»:

Ամբողջ դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Կարապետ Ոսկանյանը խնդրում էր իրեն հարցաքննել. «Ես պետք է բացահայտեմ ճշմարտությունը, խնդրում եմ՝ ինձ խոսացրեք… Ոչ մեկը իմ մասին վատ բան չի կարող ասել… Ես ամբողջ ճշմարտությունը կասեմ…»:

Բայց հերթը ամբաստանյալի ցուցմունքին չհասավ, քանի որ դատակոչի ցուցակից ևս երկու վկա պետք է հարցաքննվեն, այդպիսի կարգ է սահմանել դատարանը ի սկզբանե:

Վերջին երկու վկաները ու վերջապես՝ ամբաստանյալը, ըստ երևույթին, կհարցաքննվեն հաջորդ դատական նիստին՝ հոկտեմբերի 21-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում