Հայաստանը բարձր է գնահատում տարածաշրջանային խնդիրներում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ Իրանի կողմից որդեգրված հավասարակաշռված քաղաքականությունը: Այս մասին հոկտեմբերի 5-ին Իրանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Մորթեզա Սարմադիի հետ հանդիպմանը հայտնել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպան Թումանյանը նշել է, որ հայ-իրանական միջպետական հարաբերությունները կարևոր և առանցքային են Հայաստանի համար:
Նախարարի տեղակալը, ողջունելով դեսպան Թումանյանին, ընդգծել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները համարվում են Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը, և հույս հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում կողմերն ականատես կլինեն երկկողմ հարաբերությունների զարգացմանը` հատկապես, երբ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված համաձայնությունից հետո նոր հնարավորություններ են ստեղծվել:
Արտաշես Թումանյանը նաև գոհունակությամբ անդրադարձել է Իրանի և Վեցյակի միջև ձեռք բերված համաձայնությանը` հավելելով, որ ստեղծված նոր իրավիճակում ջանքեր պետք է գործադրվեն` երկկողմ տնտեսական հարաբերություններն առավել զարգացնելու ուղղությամբ: