ԵԽԽՎ դիտողությունները պետք է ընկալվեն որպես ընկերների խորհուրդներ և խթան դառնան իշխանությունների գործողությունների համար: Այս մասին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
ԵԽԽՎ-ն անցած շաբաթ բանաձև է ընդունել Ռուսաստանում, Թուրքիայում և Վրաստանում մարդու իրավունքների վիճակի մասին, որում քննադատել է Վրաստանի իշխանություններին:
«Դա շատ ծանր բանաձև է: Մենք չպետք է փախչենք իրականությունից և հաշտվենք, որ ԵԽԽՎ-ն ծանր բանաձև է ընդունել: Դա արել է այն քաղաքական կոալիցիան, որը կոչվում է Եվրոպա, և եվրոպացի ընկերների մեկնաբանությունները պետք է ընկալվեն որպես ընկերների դիտողություններ, և դրանք իշխանության հետագա քայլերի համար պետք է հիմք դառնան»,- ասել է Մարգվելաշվիլին:
Նա քննադատել է վրացի պատգամավորներին, որոնք չեն կարողացել ԵԽԽՎ-ին հասցնել, որ Թբիլիսիի նախկին քաղաքապետի նախնական կալանքի վերաբերյալ Սահմանադրական դատարանը վճիռ է ընդունել, և հիմա Վրաստանում նախնական կալանքի հարցը կարգավորված է:
Վրաստանի Սահմանադրական դատարանը ոչ սահմանադրական է ճանաչել Վրաստանի օրենքի նորմը, որը թույլ է տալիս նոր նախնական կալանք ընտրել Սահմանադրությամբ նախատեսված 9 ամիսների ավարտին: Դրա հիման վրա Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան, որը նախնական կալանքի տակ անցկացրել է 14 ամիս, ազատ է արձակվել: Հաջորդ օրը նա վերադարձել է բանտ՝ 2009-2010թթ. բյուջեի միջոցների յուրացման համար 4.5 տարվա մեղադրական դատավճռով: