ՕԵԿ խմբակցությունն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների առթիվ իրենց ներկայացրած բոլոր առաջարկները չեն ընդունվել, ուստի իրենք դեմ են սահմանադրական փաթեթին։ Այդուհանդերձ ՕԵԿ խմբակցության կեսից ավելին՝ Հովհաննես Մարգարյանը, Լևոն Դոխոլյանը ու Մհեր Շահգելդյանը ձեռնպահ քվեարկեցին նախագծին։
ՕԵԿ խմբակցության դիրքորոշմանը չհամապատասխանող քվերակության առթիվ մի քանի հարց ուղղեցինք ՕԵԿ պատգամավոր Լևոն Դոխոլյանին։ «Ես համարում եմ՝ ձեռնպահը դա կողմ չի»,- իր քվեարկությունը մեկնաբանեց ՕԵԿ պատգամավորը։
Մեր հարցին, թե ի՞նչն էր խոչընդոտում, որ ինքը դեմ քվեարկեր և սատարեր խմբակցության դիրքորոշմանը, ասաց. «Մենք մեր դիրքորոշումը և՛ նախկինում ենք հայտարարել, և՛ հիմա ենք հայտարարում. մենք կողմ չենք սահմանադրության այս նախագծին»։
Հնարավո՞ր է՝ բիզնես շահերն են խանգարել, որ դեմ քվերարկի, Դոխոլյանը պատասխանեց. «Մենք բիզնես չունենք, որ խանգարի»։