Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ) նպատակադրվել է նոյեմբերի 1-ին Թուրքիայում պլանավորված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ստանալ 110 պատգամավոր։
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԺԴԿ-ն հավաքել է քվեների 13 տոկոսը և խորհրդարանում ստացել է 80 պատգամավորական մանդատ։ ԺԴԿ-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ մի շարք նահանգներում ԺԴԿ-ն նվազագույն տարբերությամբ պատգամավորական տեղեր է կորցրել և այժմ միտված է տվյալ նահանգներում համապատասխան աշխատանքներ կատարելուն։
Բացի այդ, աշխատանքներ պետք է տարվեն նաև այն նահանգներում, որտեղ ԺԴԿ-ն հաղթել է նվազագույն տարբերությամբ։ Օրինակ՝ Քոջայելի նահանգում ԺԴԿ-ն ստացել է 1 պատգամավորական մանդատ՝ «Ազգայնական շարժում» կուսակցությանը (ԱՇԿ) գերազանցելով 622 քվեով։ Սա նշանակում է՝ վտանգ կա, որ նոյեմբերի 1-ի ընտրությունների ժամանակ այստեղ կարող է հաղթել ԱՇԿ-ն, եթե չիրականացվեն համապատասխան աշխատանքներ։