Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) անկշռության պայմաններում երկար ժամանակ մնալը զգալիորեն փոխել է կայանում աշխատող տիեզերագնացների իմունային համակարգի աշխատանքը, ինչը կարող է նրանց կյանքը վտանգել երկարաժամկետ առաքելության ժամանակ: Այս մասին հայտնում են բժիշկները NPJ Microgravity ամսագրում հրապարակված հոդվածում:
Փորձարարական մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ անկշռության պայմաններում երկարատև կյանքը հանգեցնում է բնածին իմունիտետի թուլացման և խոցելի է դարձնում սնկերի համար: Բացի դրանից՝ կյանքը տիեզերքում արագացնում է ողնուղեղի ծերացումը, որի ներսում նոր իմունային բջիջներ են ձևավորվում:
NASA-ի Ջոնսոնի անվան տիեզերական կենտրոնից Բրայան Քրուշիանը և նրա գործընկերները պարզել են անկշռության ազդեցության ևս մեկ արտահայտություն իմունային համակարգի վրա՝ հետևելով, թե 20 տիեզերագնացների իմունային համակարգն ինչպես է արձագանքել ՄՏԿ-ում 6 ամիս մնալուն:
Պարզվել է՝ անկշռության պայմաններում երկարատև կյանքը հանգեցնում է իմունային համակարգի աշխատանքի զգալի փոփոխությունների՝ ճնշելով մի ամբողջ շարք իմունային բջիջների աշխատանքը ՄՏԿ-ում տիեզերագնացների մնալու ողջ ընթացքում: Դրա հետևանքով իմունային պատասխանի ուժը նվազել է նույնիսկ անձնակազմերի՝ Երկիր վերադարձից հետո, ինչը նվազեցրել է վարակների դեմ պայքարելու նրանց մարմնի կարողությունը:
Գիտնականներն առայժմ չգիտեն՝ ինչի հետ է կապված իմունային համակարգի այդ թուլացումը: