Ստեփանավանի Կուրթան գյուղում օրեր առաջ տեղի ունեցավ սպանություն։ Մի անհեթեթ պատճառով թեժացած վիճաբանության զոհ դարձավ 16-ամյա Վարդան Գևորգյանը։ Նրա սպանության կասկածանքով կալանավորվեց նույն գյուղի բնակիչ 22-ամյա Սեյրան Գևորգյանը։ Ողբերգության շուրջ կրքերը չեն հանդարտվում, հիմա էլ ամբողջ գյուղի քննարկման թեման կալանավորվածի գոմում բռնկված հրդեհն է։ Այս կողմը իրավապահներին բողոքել է, թե հուղարկավորության գիշերը իրենց գոմում բռնկված հրդեհը հաշվերհարդար է սպանված պատանու ընտանիքի անդամների կողմից։
Գյուղացիներն էլ վրդովվել են այս պնդումներից՝ հիմնավորելով, թե ինչպես կարող են խոր վշտի մեջ գտնվող մարդիկ ու իրենց հարազատները, այն էլ՝ հողարկավորության գիշերը, նման քայլի դիմել։ Գյուղացիների համար տարակուսելի է նաև, որ հրդեհի ժամանակ անասունները գոմում չեն եղել։ Սա էլ ենթադրությունների տեղիք է տվել, թե այն շինծու է, և այդպիսով կալանավորվածի ընտանիքը փորձում է ցույց տալ, որ ինքն էլ ոչ պակաս հարվածի տակ է։
Բողոքել են նաև, որ վրեժխնդիր լինելու պատճառով սպանվածի հարազատները հրկիզել են նաև իր բակում գտնվող խոտի դեզը։ Խոտի դեզի ու անասնագոմի տանիքում բռնկված հրդեհից, բարեբախտաբար, տուժողներ չեն եղել, ինչպես նշեցինք, անասուններն էլ կեսգիշերն անց գոմում չեն եղել։ Թե դատարկ անասնագոմի տանիքի ու խոտի դեզի հրդեհը ում ձեռքի գործն է կամ ինչ պատճառով է բռնկվել՝ դեռ կպարզվի։ Մինչ այդ գոնե գյուղացիների համար պարզվել են սպանության անհեթեթ պատճառները։ Մեզ հետ զրույցում պատմեցին, թե վեճը նախ ծագել է սպանողի եղբայրների ու սպանողի հոր ու եղբայրների միջև։ Նրանք միմյանց հետ կերուխումի են եղել, վերադառնալիս՝ ճանապարհին, ներկայումս կալանավորված Սեյրան Գևորգյանը հոր և մյուս եղբոր հետ մեքենա վարելու թեմայի շուրջ վիճել են, ապա իջել են մեքենայից ու ճանապարհին շարունակել ընտանեկան վեճը։
Իրենց հետևից եկող սեղանակիցները՝ սպանված Վարդան Գևորգյանի եղբայրները, իջել են մեքենայից ու նախատել նրանց, որ վիճում են միմյանց հետ, ապա փոխադարձ վիրավորել միմյանց, որի ժամանակ սպանվածի եղբայրն էլ տաքացել ու ապտակել է նրանցից մեկին։ Բայց հանդարտվել են կողմերը, շարունակել ճանապարհն ու բարեկամաբար միմյանց հրաժեշտ են տվել։ Սակայն տուն հասնելուն պես կալանավորվածի հայրը, ալկոհոլի ազդեցության տակ, սկսել է նախատել տղաներին, որ ապտակին արժանավայել չեն պատասխանել, ապա զայրացած վերցրել է դանակն ու գնացել հանդ՝ նրան գտնելու ու վրեժխնդիր լինելու։ Որդին էլ հետևից է վազել հանդ, գտել են Վարդանի եղբայրներին ու շարունակվել է վիճաբանությունը։ Այդ ժամանակ Վարդանը, որը վեճի հետ կապ չի ունեցել, միջամտել է՝ կողմերին բաժանելու նպատակով, և դանակի հարվածներ ստացել։ Սպանված պատանին ոչ մի առնչություն չի ունեցել վեճի հետ։