Սեպտեմբերի 3-ին Նովի Սադի «Կարաջորջե» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի մամուլի ասուլիսը:
«Կարծում եմ՝ Սերբիան շատ ուժեղ հավաքական է: Ինչ-որ չափով խաղերը չստացվեցին, Ալբանիայի հետ չարաբաստիկ խաղը որի արդյունքում Սերբիան զրկվեց միավորներից: Հետևում ենք նաև Սերբիայի առաջնությանը և գիտենք, որ լավ երիտասարդ ֆուտբոլիստներ կան, ովքեր ապագայում կարող են լուրջ մրցակցություն ստեղծել այժմ Սերբիայի հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստներին:
Սերբիան ավելի վատ վիճակում է, քանի որ -2 միավոր ունի, իսկ մենք դեռ տեսական հնարավորություններ ունենք: Սակայն եթե մենք ոչ մի հնարավորություն չունենայինք երրորդ տեղը գրավելու, մենք միևնույնն է խաղում ենք մեր ազգի, մեր ֆուտբոլասերների համար, որ ուրախություն պարգևենք նրանց:
Առաջին անգամ է, եթե բացառենք որ Բերեզովսկին ավարտել է կարիերան և մարզիչ է արդեն, բոլոր ֆուտբոլիստները որոնց ես ուզում էի տեսնել հավաքականում այժմ այստեղ են: Խաղը ցույց կտա թե թիմի վիճակն ինչպիսին է: Մարզիչը 3 օրում չի կարող բարելավել ֆիզիկական վիճակը: Մեր խնդիրն ավելի շատ տղաներին վերականգնելն է, քանի որ տղաները հանդիպումներ են ունեցել ակումբներում: Մենք ավելի շատ աշխատել ենք տակտիկական պատրաստվածության վրա: Ես գոհ եմ մարզումներից, գոհ եմ, որ տղաները խաղում են ակումբներում, բայց խաղը ցույց կտա, թե որքանով են նրանք պատրաստ:
Խաղալու ենք դատարկ տրիբունաների ներքո և կարող է ընկերական խաղի տպավորություն թողնել: Բայց ես ամեն ինչ անում եմ, որ մաքսիմալ նվիրավածություն լինի այս խաղում: Մենք պետք է անմնացորդ նվիրվենք, քանի որ մենք երկրի պատիվն ենք պաշտպանում:
Որոշ փոփոխություններ կան սերբերի կազմում: Տեղյակ եմ, որ վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ կան: Կան նաև խաղացողներ, որ չեն ընդգրկվել: Կան նաև նորեկներ»,- ՀՖՖ պաշտոնական կայքը մեջբերում է Հովսեփյանի խոսքերը: