Փաստաբանների պալատն առաջիկա օրերին պատրաստվում է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին առաջադրված մեղադրանքի հարցով քննարկում կազմակերպել պալատում, որից հետո նոր կլինի պալատի պաշտոնական արձագանքը տեղի ունեցածին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբանների պալատի խոսնակ Հայկ Հակոբյանը` հավելելով, որ պալատի նախագահ Արա Զոհրաբյանն արդեն իսկ խոսել է Բաղդասարյանի հետ, տեղեկացել խնդրի մասին և այդ քննարկումից հետո կհայտնի իր դիրքորոշումը կատարվածի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով, այն է՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը: Փաստաբանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իբր, ապօրինի հավաքել և տեղեկություններ է տարածել անձի վերաբերյալ, որն իր պաշտպանյալի դեմ ցուցմունք է տվել, որն էլ դրվել է իր պաշտպանյալի մեղադրանքի հիմքում, այսինքն՝ օգտագործվել է որպես ապացույց, սակայն պարզվել է, որ այդ ցուցմունքը տված անձը հոգեկան հիվանդությամբ է տառապում:
Ն.Բաղդասարյանի փաստաբան Լուսինե Սահակյանի կարծիքով՝ մեղադրանքն ակնհայտ ապօրինի է, և այդպիսով փորձ է արվում փաստաբաններին ճնշել՝ զրկելով նրանց իրականացնել իրենց մասնագիտական գործառույթները: