Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Արմենպրեսս»-ի հետ զրույցում հայտարարել է. «Կարող եմ ասել, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ այս պահին ընթանում են կրակոցներ: Հակառակորդը շատ ուժեղ է կրակում, իրավիճակը կբնութագրեի շատ լուրջ, լարված: Հայկական զինված ուժերն էլ պատասխանում են հակառակորդի կրակոցներին: Այս պահի դրությամբ հակառակորդը չի լռել»:
Armtimes.com–ի փոխանցմամբ՝ Ներքին Ծաղկավանը նույնպես գնդակոծվել է: Ծաղկավանի համայնքապետ Նաիրի Աթաբեկյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ գնդակոծությունը սկսվել է ժամը 20:00-ին և տևել ավելի քան մեկ ժամ: «Տուժածներ չկան, դրա արդյունքում անասնագոմ է վնասվել, անասնագոմի մի պատը փլվել է ու տանիքն է վնասվել»,-ասաց Նաիրի Աթաբեկյանը: Նա նաև տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը կիրառել է ականանետ: Աթաբեկյանը հաստատեց, որ գնդակոծության պատճառով Իջևան-Նոյեմբերյան ճանապարհը փակ է: Ներկայումս հարաբերական անդորր է հաստատված, չնայած վիճակը շարունակում է մնալ լարված:
Կայքին հայտնի է դարձել, որ ոստիկանությունը Դիլիջանում կանգնեցնում է մեքենաները և Թիֆլիս ուղևորվողներին տեղեկացնում, որ Իջևան-Նոյեմբերյան ճանապարհը փակ է, և անհրաժեշտ է Թբիլիսի մեկնել Վանաձոր-Ալավերդի ճանապարհով:
Սևքարի համայնքապետ Թաթուլ Թելոյանը մեր թղթակցի հետ զրույցում նշել է, որ փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանին, բացի այդ՝ կրակոցներ են եղել նաև գյուղի ուղղությամբ: Նա հաստատեց, որ գնդակոծության արդյունքում վնասվել է Սևքարի բնակելի տներից մեկը. «Տունը վնասվել է, բայց մարդկանց բան չի եղել, ամեն ինչ նորմալ է: Հիմա ես չեմ կարող ասել՝ տունը շատ է վնասվել թե ոչ»,-ասել է Թելոյանը: Հարցին, թե ադրբեջանական կողմից հրետանի՞ է գործարկվել, գյուղապետը պատասխանեց, որ չի կարող ասել, դա կերևա առավոտյան՝ վստահեցնելով, որ այս պահին ամեն ինչ նորմալ է:
Կայքի տեղեկություններով պայթյուններ են որոտացել Սևքար գյուղում: Ըստ որոշ տեղեկությունների բնակելի տուն է վնասվել: Սևքար գյուղի հեռավորությունը սահմանից ենթադրում է, որ գործարկվել է հրետանի: Որոշ տեղեկություններով պայթյուն է որոտացել նաև Ծաղկավան գյուղում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում