Գերմանական Կարլսրուե տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները հաշվել են, թե երկրին որքան եկամուտ են բերում ծխողները: Նրանց հետազոտությունների տվյալները հրապարակված են ինստիտուտի պաշտոնական կայքում: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն:
Անցկացված վերլուծության համաձայն, ծխողները միջին հաշվով 5 տարով ավելի քիչ են ապրում չծխողներից, որը պետությանը թույլ է տալիս տնտեսել 158 միլիարդ եվրո, նրանց հասանելիք սոցիալական վճարումների հաշվին: Լրացուցիչ 35 միլիարդ եվրո երկիրը տնտեսում է պետծառայողների թոշակների հաշվին: Բացի դրանից, իրենց կյանքի ընթացքում ծխողները միջին հաշվով վճարում են 376 միլիարդ եվրո ծխախոտի հարկեր:
Հաշվարկների համար հիմք են ընդունվել տեսականորեն չծխող հասարակությունը և 2011 թվականի իրական գերմանական հասարակությունը: Այդ ժամանակ երկրում ծխելուց մահացել են մոտ 99 հազար մարդ, իսկ ծխող են եղել տղամարդկանց 30%-ը և կանանց 21%-ը: Ինչպես նաև հաշվել են, թե պետության վրա որքան է արժեցել ծխելուց առաջացած հիվանդությունների բուժումը, որը կազմել է 65 միլիարդ եվրո: