Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկրի լեռնային շրջանների բնակիչներին խոստացել է ստեղծել բոլոր պայմանները` նրանց սոցիալական և տնտեսական զարգացման համար: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
«Մեր ցանկությունն է բնակչությանը լեռներ` իրենց օջախներին վերադարձնել»,- հայտարարել է Ղարիբաշվիլին չորեքշաբթի օրը Ուցերա լեռնային գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ` նշելով, որ դա կառավարության առաջնային խնդիրներից մեկն է:
Վարչապետը ծանոթացել է տեղի բնակիչների խնդիրների հետ և խոստացել աջակցություն, մասնավորապես` Ռիոնի գետի հունի ամրապնդում, Ուցերա գյուղի գազաֆիկացում, ինչպես նաև հողամասերը գյուղացիների կողմից օրինականացվելու գործընթացը:
Նա շեշտադրել է հուլիսին «Լեռնային շրջանների զարգացման վերաբերյալ» խորհրդարանի ընդունած օրենքը, որը ուժի մեջ պետք է մտնի 2016-ի հունվարի 1-ից:
«Տարիների ընթացքում ոչ մի ուշադրություն չի դարձվել լեռներին և այնտեղ բնակվող մարդկանց, ինչի արդյունքում լեռները դատարկվել են, ընտանիքները թողնում են իրենց օջախներն ու քաղաք տեղափոխվում, ինչը մեծ սխալ է»,- հայտարարել է Ղարիբաշվիլին: