News Georgia-ի փոխանցմամբ՝ Եվրոպայում ներգաղթի շուրջ ծագած ճգնաժամը կարող է բացասաբար ազդել Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ կողմից վիզային ռեժիմի վերացման գործընթացի վրա։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ-ում Վրաստանի դեսպան Նատալի Սաբանաձեն:
«Մենք պետք է հաշվի առնենք, որ կա շատ բարդ ենթատեքստ՝ ներգաղթի ճգնաժամը, որը ԵՄ-ին կանգնեցրել է բավական բարդ մարտահրավերների առջև։ Այդ ֆոնին բավական բարդ է նման որոշում ընդունելը, քանի որ կարող են լինել ինչ-ինչ գործոններ, որոնք կախված չեն մեզանից և կարող են բացասական ազդեցություն ունենալ։
Եվ այնուամենայնիվ, ես լավատեսորեն եմ տրամադրված։ Դա բացարձակապես իրատեսական պլան է։ Մինչև ընթացիկ տարեվերջ պետք է գնահատական տրվի այն առաջընթացին, որը գրանցել է Վրաստանը։ Եթե այդ գնահատականը լինի դրական, մենք ակնկալում ենք, որ Եվրոպական հանձնաժողովը կընդունի դրական որոշում այն մասին, որ 2016 թվականին Վրաստանը ԵՄ հետ կունենա ոչ վիզային ռեժիմ»,- ասել է Սաբանաձեն։
Վիզային ռեժիմի դյուրացման շուրջ Վրաստանի ու ԵՄ-ի միջև բանակցությունները մեկնարկել են 2012 թվականի հունիսին։