Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լաբորատոր պայմաններում սրտի հյուսվածքներ աճեցնելու նոր մեթոդը կարող է էականորեն դյուրացնել փոխպատվաստման համար օրգաններ ստեղծելու գործընթացը։ Այդ մասին հայտնել են Տորոնտոյի համալսարանի գիտնականները։
Նրանք մշակել են անհամաչափ, երկչափ սպիտակուցային հիմնակմախք, որի երկու մասերը միանում են միմյանց և ստեղծում են այնպիսի պայմանների պատրանք, որոնց դեպքում զարգանում են օրգանիզմի հյուսվածքները։ Այդ հիմնակմախքը կարող է օգտագործվել նաև այլ տիպի բջիջներ մշակելու համար, օրինակ՝ լյարդի ու թոքերի։
Գիտնականները, ի թիվս այլ բաների, հույս ունեն այդ տեխնոլոգիայի միջոցով ավելի շատ բան իմանալ այն մասին, թե ինչպես են մեր օրգանիզմի բջիջներն արձագանքում տարբեր խթանիչներին ու փոխգործակցում հյուսվածքի այլ շերտերի բջիջների հետ։