Երեկ ` սեպտեմբերի 1-ին, ԱՄՆ-ի Լաս-Վեգաս քաղաք ժամանեց Հայաստանի ազատ ըմբշամարտի հավաքականը: Բայց առաջինը մրցագորգ կելնեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի սաները նախապատրաստական փուլն անցկացնում են տանը:
Մեր թիմը հայրենիքից մրցավայր կուղեվորվի սեպտեմբերի 4-ին: Կարճ ընդմիջումից հետո սեպտեմբերի 7-ին Հայաստանի մարզիկները Լաս-Վեգասի մարզապալատի մրցագորգերում պայքարը կսկսեն աշխարհի առաջնությունում խաղարկվող մեդալների և «Ռիո-2016»-ի մասնակցության ուղեգրերի համար:
Հետաքրքիր է, որ հենց առաջին օրը մեր հավաքականից պայքարի կբռնվեն աշխարհի գործող չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ):
Հավաքականի կազմում են նաև Ռոման Ամոյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Էդվարդ Սարգսյանը (80 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) և ծանրքաշային Էդգար Խաչատրյանը (մինչև 130 կգ):
Ազատ ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը թիմում ընդգրկել է Գարիկ Բարսեղյանին (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանին (61 կգ), Դավիթ Սաֆարյանին (65 կգ), Գրիգոր Գրիգորյանին (74 կգ), Մուսա Մուրթազալիևին (86կգ), Էդգար Ենոքյանին (97 կգ) և գերծանր քաշային Լևան Բերիանիձեին: