Աճուրդի է դրվել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հարսանեկան տորթի կտորը: Այն դեռ ուտելի է՝ հայտնում է Lenta.ru-ն:
Կվաճառվի մրգային տորթի 2000 կտորներից մեկը, որը հյուրերին են բաժանել 1947թ. արարողության ժամանակ: Այն պահպանվել է օրիգինալ ստվարաթղթե փաթեթով՝ E.P. Buckingham Palace 20th November 1947 գրությամբ: Նախնական գինը 500 ֆունտ է (մոտ 770 դոլար):
«Տորթը հրաշալի պահպանվել է՝ չնայած արդեն 68 տարեկան է»,- ասել է Gorringes աճուրդի տան ներկայացուցիչ Ֆիլիպ Թեյլորը: Նա նշել է, որ տորթը պահպանվել է, քանի որ ներծծված է եղել ալկոհոլով:
Տորթի կտորն աճուրդի է դրել մասնավոր կոլեկցիոներ, որի անունը պարբերականը չի նշում: Աճուրդը կանցկացվի Լյուիսում՝ Արևելյան Սուսեքս կոմսությունում, և նվիրված կլինի Եղիսաբեթ II-ի գահ բարձրանալու հերթական տարեդարձին: