88-ի աղետի ժամանակ կորուստների ընդհանուր ծավալն ուներ հետևյալ վիճակագրությունը՝ 25 հազար զոհ և 10 մլրդ ԱՄՆ դոլարը գերազանցող նյութական կորուստ, որից 658 մլն-ը բաժին հասավ փլուզված ու վթարային դարձած շենք-շինություններին: Միայն Գյումրիում փլուզվեց 217 շենք՝ 20.600 բնակարան՝ 4 մլն 423 հազար քառակուսի մետր բնակմակերեսով:
Սակայն այսօր՝ երկրաշարժից 27 տարի անց, դեռ 7000 գյումրեցու կյանք վտանգված է: 1913 բնակարան ցանկացած պահի կարող է փլուզվել: Խոսքը այն ընտանիքների ու այն բնակարանների մասին է, որոնք գտնվում են վթարային շենքերում և որոնց ամրացման-ուժեղացման համար ՀՀ կառավարությունը, ինչպես նախկինում՝ տասը տարի շարունակ, այս տարի ևս ոչ մի հատկացում չի կատարել: Մինչդեռ վիճակը տագնապալի է:
Մեծ երևակայություն պետք չէ՝ կռահելու կամ հասկանալու համար, թե վթարային շենքի փլուզումն ինչ հետևանքներ կարող է ունենալ՝ և՛ նյութական, և՛ մարդկային կորուստների՝ զոհերի տեսքով, և քանի ընտանիքներ կհայտնվեն բաց երկնքի տակ ու կմնան անօթևան՝ այն դեպքում, երբ քաղաքում դեռ 4000 անօթևան կա:
Ու սա դեռ ամբողջը չէ: Գյումրիում բավականին մեծ թիվ են կազմում երկրաշարժի «համր վկաները»՝ կիսափուլ շենքերը կամ դրանց մնացորդները: Ժամանակին դրանք հումքի լավ պահեստ էին անտերության մատնված կիսակառույցների հետ մետաղական ամրանների գողերի համար: Գյումրեցիները լավ են հիշում. մի քանի հազար դրամը, որ այս դեպքում օրվա հացի համար էր հայթայթվում, մեկ անգամ չէ, որ արժեցավ մարդկային կյանք, և ամրան հանողը ներքին փլուզման պատճառով հայտնվեց բետոնե սալիկի տակ՝ կիսավեր շենքի ներսում:
Իհարկե, նաև դեռ այն հարցն էլ կա, թե հանված ամրանները, որոնք արդեն որոշակիորեն մաշված են ու թուլացած, ո՞ր մի մասնագիտական կամ փորձագիտական հիմնարկը թույլ կտա նորից կիրառել շինարարության մեջ. չէ՞ որ առաջարկն է ծնում պահանջարկ, այսինքն թե՝ շուկայում նման ամրանն ունի գնորդ, որ վաճառողն էլ է հայտնվել:
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը Գյումրի կատարած իր նախավերջին այցի ժամանակ անդրադարձավ այս խնդրին, սակայն…. ավելի լավ էր՝ չանդրադառնար: Վթարային շենքերի ամրացման կամ հիմնանորոգման հետ կապված մի այնպիսի թիվ ասաց՝ մոտ հինգ միլիարդ դոլար, որն ուղղակի անիրատեսական է տրամադրել, ու առաջարկեց այլընտրանքային մեթոդների կիրառումը (թե ինչպիսին, երևի միայն Աստծուն ու պարոն նախարարին են հայտնի):
Ու այս ամբողջի մեջ ակամա հարց է առաջանում՝ ո՞վ է ի վերջո այս քաղաքի տերը, և ե՞րբ է երկրի ղեկավարությունը ժամանակ գտնելու Գյումրիի համար, ե՞րբ է քաղցր թմբիրից արթնանալու: Կսթափվի՞ արդյոք ինչ-որ մեկը նրանցից, որ գոնե տեսնի, թե ինչպես անդունդը գլորվեց հանրապետության երկրորդ քաղաքը, թե՞ էլի արդարացումներ կգտնեն ու հիմնավորումներ կմշակեն՝ լուրջ ու խոհուն դեմքերով, մտահոգ հայացքներով, հերթապահ ճամարտակող արտահայտությունների շռայլումով:
Ընտրությունները յոթ սարի ետևում չեն: Ներկայիս իշխանությունը Գյումրիում խայտառակ պարտության մեկ դաս արդեն ունի: Դժվար չէ պատկերացնել, որ փոշու, ցեխի, կեղտի, գործազրկության, ծայրահեղ աղքատության ճիրաններում գոյատևող և հատկապես վերջին տարիներին բացահայտ անտարբերության մատնված մարդիկ այս քաղաքում չեն ծափահարի ոչ մի ներկայացման, ու նույնիսկ հանրահայտ լցոնումներով անհնարին կլինի նույնիսկ նախկին տոկոսներն ապահովել՝ ի հեճուկս հայտնի տոկոսներ խփելու խրոխտ հայտարարություն-հոխորտանքների: Ի՞նչ կանեն, որպեսզի առաջին հերթին քաղաքից հեռացնեն տնակային հոգեբանությունը, մարդկանց մեջ արթնացնեն հույսն ու հավատը վաղվա օրվա հանդեպ կամ համոզեն, որ իրենք բացարձակ անտերության ու անտարբերության մատնված չեն:
Կրկեսի ժամանակն այստեղ վաղուց է անցել: Ծաղրածուներն էլ հայտնի են, տես ու ճանաչ՝ առանց դիմակների: