Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Human Right Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը, մեկնաբանելով Բաքվի դատարանի կողմից լրագրողուհի Խադիջա Իսմայլովային 7.5 տարով ազատազրկման դատապարտելու մասին որոշումը, հայտարարել է, որ դա վկայում է դատարանի ու պետական համակարգի թերի լինելու մասին։
HRW-ն ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ չեղյալ հայտարարեն այդ դատավճիռն ու ազատ արձակեն նրան։ HRW-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոտը հայտարարել է, որ այդ վրդովեցուցիչ դատավճիռը վկայում է այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են ոտնահարել օրենքը՝ քննադատներից վրեժխնդիր լինելու համար։
Նա ընդգծել է, որ ԵՄ-ն ու անդամ երկրները պետք է կտրուկ և միասնական արձագանքեն Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ տիրող սարսափելին իրավիճակին. «Այդ արձագանքը պետք է ներառի Բաքվի հետ ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների դադարեցում։ Ադրբեջանը պետք է զրկվի ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից։ ԵՄ-ը պետք է մարտահրավեր նետի Բաքվին՝ ի ցույց դնելով, որ նրա վրդովեցուցիչ պահվածքը չի մնա անպատիժ»։