Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Լրագրողներ առանց սահմանների» (RWB) կազմակերպությունը ցնցված է Բաքվի դատարանի կայացրած որոշումից, որով ադրբեջանցի լրագրողուհի Խադիջա Իսմայլովան դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման։ Այդ մասին նշված է կազմակերպության տարածած հայտարարությունում։
RWB-ի՝ Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ղեկավար Յոհան Բիրը հայտարարել է. «Իսմայլովայի համար սահմանված բանտային մեծ ժամկետը զարմանալի չէ, քանի որ թվում է, թե Ադրբեջանի դատական համակարգը գոյություն ունի նրա համար, որպեսզի օրինականության շղարշ հաղորդի պետական բռնություններին։ Սակայն այդ ամենը դատավճիռը չեն դարձնում ավելի պակաս սարսափելի։ Իսմայլովայի միակ հանցանքն այն է, որ նա համարձակորեն հետաքննել է կառավարության կոռուպցիոն դեպքերը։ Նրա գործն Ադրբեջանում նրա գործընկեր բոլոր լրագրողներին ահաբեկելու հզոր լծակ է»։
RWB-ն կոչ է արել անհապաղ ու անխոս ազատ արձակել Խադիջա Իսմայլովային ու Ադրբեջանում կալանավորված 11 այլ լրագրողների ու բլոգերների։