Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյոռն Յագլանդը դատապարտել է ադրբեջանական դատարանի այսօրվա որոշումը, որով լրագրողուհի Խադիջա Իսմայլովան դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման։
Այդ մասին նշված է Յագլանդի մամլո քարտուղար Դանիել Օլթգենի տարածած հայտարարությունում։ Ինչպես և իրավապաշտպաններ Լեյլա ու Արիֆ Յունուսների դատավճռի պարագայում էր, այս դեպքում էլ Յագլանդն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է ներկայացնել Իսմայլովայի մեղավորության մանրակրկիտ ապացույցներ։
Յագլանդը վերստին մտահոգություն է հայտնել Ադրբեջանի դատական համակարգում առկա համակարգային թերությունների կապակցությամբ ու ընդգծել է լրագրողների և իրավապաշտպանների քրեական հետապնդման դեպքերի աճի վտանգավոր միտումները, ինչը բացասաբար է ազդում երկրում ազատ արտահայտվելու վրա։