ԵՄ բոլոր երկրներում ապաստանի իրավունք ստանալու սիրիացի փախստականների հնարավորությունը հանգեցրել է սիրիական կեղծ փաստաթղթերի թրաֆիկի առաջացման: Այս մասին Europe1 ռադիոկայանի եթերում հայտարարել է ԵՄ արտաքին սահմանների անվտանգության հարցերով Frontex գործակալության ղեկավար Ֆաբրիս Լեժերին:
«Այսօր Թուրքիայում կան մարդիկ, որոնք գնում են սիրիական կեղծ անձնագրեր, քանի որ հստակ հասկանում են, որ… սիրիացիներն ապաստանի իրավունք են ստանում ԵՄ բոլոր անդամ երկրներում»,- ասել է Լեժերին:
Նա հավելել է, որ սիրիական կեղծ անձնագրեր օգտագործողները արաբախոս անձինք են և ամենայն հավանականությամբ դուրս են եկել Հյուսիսային Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից: «Սակայն նրանք տնտեսական միգրանտներ են»,- նշել է Լեժերին:
Նա նշել է, որ ներկայումս սիրիական կեղծ փաստաթղթերի թրաֆիկը չի սպառնում ԵՄ անվտանգությանը: «Այսօր մենք օբյեկտիվ հիմքեր չունենք ասելու, որ պոտենցիալ ահաբեկիչներն այդ կերպ հասնում են Եվրոպա»,- եզրափակել է նա:
Ըստ Լեժերիի՝ հիմա միգրանտների գրանցման համակարգը «ճնշման տակ է», ուստի ոչ բոլորն են անցնում գրանցման անհրաժեշտ գործընթացները, և իշխանությունները ստույգ պատկերացում չունեն միգրանտների անձի մասին:
«Եթե արտաքին սահմանները չեն կարող համատեղ պահպանվել բոլոր անդամ երկրների կողմից, երկրների՝ իրենց ազգային սահմանների վերահսկողությանը վերադառնալու հնարավորություն կա»,- կարծում է Լեժերին: