Սեպտեմբերի 1-ին ընդառաջ Երևանում գործող շուկաները դատարկ են, իսկ հատուկ նոր ուսումնական տարվա համար բերված ապրանքները շարունակում են մնալ վաճառասեղանին:
Շուկաների վաճառողները, զուգահեռ անցկացնելով նախորդ տարիների հետ, միաբերան պնդում են՝ առևտուրը նվազել է, շուկաները դատարկ են: Ով փող ունի՝ շուկա չի մտնում, ով էլ չունի՝ բավարարվում է նախորդ տարվա գնումներով:
«Շատ վատ է վիճակը, շուկաները օրերով դատարկ են, բաժիններ մարդ չի մտնում: Մի քանի հոգի մոտենում, գին են հարցնում, գնում են: Էսպիսի տարի չէր եղել: Երկրում ո՛չ մարդ կա, ո՛չ աշխատատեղ, ոչ էլ փող»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ֆիրդուսի շուկայի վաճառողներից մեկը:
Մեկ ուրիշն էլ թեև դժգոհ չէր սեպտեմբերյան գնումներից, սակայն արձանագրեց, որ նախորդ տարվա համեմատ առևտուրը շատ է նվազել, չնայած առաջարկվող գները շատ մատչելի են: «Նորմալ է, սեպտեմբերի համար գնումներ եղել են, ոչինչ, չենք բողոքում, բայց դե, նվազել է առևտուրը: 3000-4000 դրամով վերնաշապիկ ենք վաճառում, գնող չկա»,- ասաց մեր զրուցակիցը:
Նույն պատկերն էր նաև Մալաթիայի շուկայում: Երբեմնի եռացող շուկայի միջանցքները դափ-դատարկ էին, իսկ վաճառողները կա՛մ հեռախոսով էին խաղում, կա՛մ արևածաղիկ էին ուտում: «Հլը նայեք շուկայի վիճակը, էսպիսի բան չի եղել: Ճիշտ է, մի քանի բան ծախել ենք, բայց ապրանքը շարունակում է կախված մնալ տաղավարում: Էսպիսի տարի չէր եղել»,- դժգոհեց մեկ այլ վաճառող:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: