ВВС-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ում զենքի մանրածախ վաճառող Walmart հանրախանութների ցանցը դադարեցնում է ինքնաձիգների վաճառքը, ինչի պատճառը Վիրջինիայում լրագրողների սպանությունն է, որը ցնցել է ամբողջ ԱՄՆ-ը:
Մարդասպանն ուղիղ հեռուստաեթերի ժամանակ կրակել է լրագրողի ու օպերատորի վրա: Հանցագործը նախապես հետևել է նրանց, մոտեցել է լրագրողներին և ժամը 06:45-ին ուղիղ եթերում հնչել են կրակոցներ:
Մարդասպանը 41-ամյա հեռուստալրագրող Վեստեր Ֆլենագանն է, որը բնականաբար իմացել է, որ հարցազրույցը ցուցադրվում է ուղիղ եթերով: Նա համբերատար սպասել է, թե երբ օպերատորը տեսախցիկը կշրջի դեպի լրագրողի ու նրա զրուցակցի կողմը և դրանով իսկ ցանկացել է, որ կրակոցի պահն իրենց հեռուստաէկրաններին տեսնեն հազարավոր մարդիկ:
Սակայն դա էլ քիչ է թվացել նրան: Ֆլենագանը մի ձեռքում պահել է Glock ատրճանակը, իսկ մյուս ձեռքում` սմարթֆոնը և այդպիսով համացանցում տեղադրել է սպանության մասին տեսանյութը, որպեսզի այն կարողանան դիտել միլիոնավոր մարդիկ:
Հաղորդվում է, որ Ֆլենագանը վարել է մռայլ ու անկանոն կյանք: Նրա բնակարանում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել են ԼԳԲՏ-ի դրոշ ու սեքս-խաղալիքներ: