ВВС-ի փոխանցմամբ` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա աղոթքի ժամանակ կոչ է արել աղոթել ներգաղթյալների համար, որոնք զոհվել են պատերազմով բռնկված իրենց երկրներից Եվրոպա հասնելու փորձերի ժամանակ:
Հռոմի պապը խստորեն դատապարտել է ապօրինի ներգաղթյալների դեմ բռնությունները, որոնք ռիսկի դնելով կյանքը` փորձում են գտնել լավագույն տարբերակը:
«Դժբախտաբար, նաև վերջին օրերին բազում ներգաղթյալներ են զոհվել իրենց սարսափելի ճամփորդությունների ժամանակ: Աղոթում և կոչ եմ անում աղոթել այդ բոլոր եղբայրների ու քույրերի համար:
Առաջին հերթին միանում եմ Ավստրիայի եկեղեցու աղոթքներին` նվիրված այն 71 զոհերին, այդ թվում նաև 4 երեխայի, որոնց Վիեննա-Բուդապեշտ ավտոճանապարհին հայտնաբերել են բեռնատարում»,- ասել է նա:
Բացի դրանից՝ Ֆրանցիսկոսը կոչ է արել արդյունավետ միջազգային համագործակցության, որպեսզի կանխվեն այդ հանցանքները, որոնք վիրավորում են ամբողջ մարդկային ընտանիքը: