Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ` եգիպտական դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել միջարաբական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի երեք լրագրողների հանդեպ և նրանց դատապարտել էին երեք տարվա ազատազրկման: Դա տեղի է ունեցել նրանց գործի կրկնակի լսումների ժամանակ:
Լրագրողները բողոքարկել էին նախկին խիստ դատավճիռը, և դատարանն այժմ վճռել է մեղմացնել նրանց պատժաժամկետները: Դատապարտյալներից մեկը` Փիթեր Գրիստը, ով Ավստրալիայի քաղաքացի է, ներկա չի գտնվել դատական նիստին: Նրան դատապարտել են հեռակա կարգով:
«Ալ-Ջազիրայի» ղեկավարությունն այսօր կրկին դատապարտել է եգիպտական դատարանի որոշումը՝ հայտարարելով, որ այդ դատավճիռը ևս մի պլանավորված հարձակում է ազատ մամուլի վրա:
Հունիսին եգիպտական դատարանը Փիթեր Գրիստին, ինչպես նաև հեռուստաալիքի` Կահիրեում գտնվող անգլիալեզու բյուրոյի ղեկավար Մուհամմեդ Ֆահմիին դատապարտել էր 7 տարվա ազատազրկման, իսկ եգիպտացի պրոդյուսեր Բահեր Մուհամմեդին` 10 տարվա ազատազրկման: Նրանք մեղավոր էին ճանաչվել Եգիպտոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» խմբավորմանն աջակցելու համար: