Ֆրանսիական Le Figaro թերթի փոխանցմամբ` Եվրոպայի ամենաաշխույժ ավտոմայրուղիներից А1-ը, որը հատկապես ծանրաբեռնված է լինում այս ժամանակահատվածում` կապված արձակուրդից վերադառնալու հետ, ամբողջովին փակվել է երկու ուղղությամբ:
Ճանապարհը երեկ երեկոյան փակել են մոտակայքում ապրող գնչուները: Ակցիայի պատճառը օգոստոսի 25-ին գրանցված միջադեպն է, երբ հանցագործների կրակոցներից սպանվեց 4 մարդ, այդ թվում՝ մեկ փոքրիկ երեխա:
Ցուցարար գնչուները պահանջում են, որ զոհվածներից մեկի որդուն բաց թողնեն բանտից` հոր հուղարկավորությանը մասնակցելու համար: Միջադեպը գրանցվել է Փարիզից 100 կիլոմետր դեպի հյուսիս, գնչուները ճանապարհին այրել են ավտոմոբիլային անվադողեր, իսկ հետո ծառեր են նետել խարույկի մեջ: Կրակի բոցն ամբողջովին փակել է ճանապարհը:
Սոմմայի դեպարտամենտի իշխանություններն ընդունել են, որ իրավիճակը լարված է: Իրավապահները դժվարությամբ են վերահսկում այն: Նրանք դժվարանում են կանխատեսել հետևանքները: