Նախագահ Բարաք Օբաման երեկ հանդիպում է ունեցել Facebook սոցիալական ցանցի գրասենյակում` Կալիֆոռնիա նահանգի Պալո Ալտո քաղաքում, որտեղ շփվել Facebook-ի ղեկավարության և բազմամիլիոնանոց հանրության հետ: Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ նախագահին է նվիրել իրենց ընկերության անվանումով շապիկ:
Օբաման ասել է, որ ինքը մեծ տեղ է տալիս երիտասարդության հետ շփմանը և հույս ունի ստանալ նրանց աջակցությունը. «Մեր համալսարանները շարունակում են մնալ լավագույնը, ամենաարդյունավետ մասնագետները և ամենադինամիկ ձեռներեցությունը մեզ մոտ են: Եվ եթե մենք բոլորս միավորվենք, ապա կարող ենք այդ հարցերը լուծել: Ես ինքս չեմ կարող դրանք լուծել, դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ դուք էլ միանաք: Հույս ունեմ, որ դուք պատրաստ եք ավելի լարված աշխատանքի:
Առանց ձեզ, առանց երիտասարդ սերնդի՝ փոփոխություններ չեն լինի: Առանց ձեր էներգիայի և ոգեշնչման, որը դուք ներդնում եք Facebook-ում և քաղաքականության մեջ, հավատացնում եմ, մենք ոչինչ էլ չենք կարող անել»,- ասել է Օբաման:
Օբաման ֆեյսբուքցիների հետ խոսել է մի շարք հարցերից, որոնք այսօր հուզում են ամերիկյան հասարակությանը` տնտեսություն, էներգետիկ ոլորտի բարեփոխումներ, իմիգրացիոն քաղաքականություն և այլն. «Ես չեմ ցանկանում այս խնդիրները թողնել հաջորդ նախագահին»,- ասել է Օբաման: