Abkhazeti.info-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ինժեներական զորքերի ականազերծման չորս խմբեր հուլիսի կեսերից մաքրման աշխատանքներ են իրականացնում Աբխազական երկաթուղու «Օչամչիր-Ինգուրի» հատվածում։
Այդ մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը։ Վերջինս ընդգծել է, որ ընդհանուր առմամբ պայթյունավտանգ առարկաներից պետք է մաքրվի ավելի քան 1300 հեկտար տարածք։ Ներկայումս արդեն իսկ մաքրվել է ավելի քան 400 հեկտար տարածք։
Այդ աշխատանքների ժամանակ հայտնաբերվել և վնասազերծվել են նռնակներ, հրետանային արկեր, մոտ երկու կիլոգրամ տրոտիլ և ականներ։ Մաքրման աշխատանքների ժամանակ ինժեներները կիրառում են ինժեներական հետախուզության ու պաշտպանության նորագույն բացառիկ միջոցներ, այդ թվում նաև հատուկ վարժեցված շներ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանից պահանջել էր դադարեցնել Աբխազական երկաթուղու վերականգնումը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աբխազական երկաթուղու՝ Օչամչիր կայարանից մինչև Ինգուրի գետի կամուրջ հատվածի մաքրման աշխատանքներում ներգրավված են Ռուսաստանի երկաթուղային զորքերի մոտ 500 զինծառայողներ և ավելի քան 50 միավոր հատուկ տեխնիկա։