ՕՊԵԿ-ի երկրները սկսել են նավթ արդյունահանել ի վնաս իրենց։ Առաջին այդպիսի երկիրը Էկվադորն է, որտեղ արդյունահանման ծախսերը գերազանցում են հումքի գինը։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան հայտարարել է, որ իր երկիրն ընդամենը 30 դոլար է ստանում արդյունահանվող մեկ բարելի դիմաց, մինչդեռ արտադրական ծախսերը միջինը արժեն մոտ 39 դոլար։
«Մենք շատ դժվար տարի ենք ապրում նավթի գների զգալի անկման պատճառով»,- ասել է Կորեան։
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ՕՊԵԿ-ի մի քանի անդամներ, այդ թվում՝ Լիբիան և Ալժիրը, հայտարարել են գործողությունների քննարկման համար կազմակերպության անդամների արտակարգ հանդիպման անցկացման անհրաժեշտության մասին։