Լուրեր
Թուրքիայում իրադարձությունները կարող են Սևրի պայմանագիրը արդիական դարձնել
  • 22:00
  • 2015-08-25
  • Դիտումներ՝ *

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս պատմական գիտությունների դոկտոր, արևելագետ-թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

-Պարոն Սաֆրաստյան, ընդամենը ամիսներ առաջ՝ հունիսին, երբ խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան Թուրքիայում, մենք բավական մեծ սպասումներով խոսում էինք նոր Թուրքիայի մասին: Այսօր բոլորովին այլ վիճակ է, արդեն կարծես ակնհայտ է, որ տեղի են ունենալու խորհրդարանական նոր ընտրություններ, և կարծես քննարկումներ են սկսվել ընտրություններին մասնակցած ուժերի հետ: Բավական ուշագրավ իրադարձություններ են Թուրքիայում: Քրդական հարցը գալիս է առաջնագիծ, և իսլամական պետության դեմ պայքարի այս անվան տակ այնպիսի խմորումներ են Թուրքիայում, որոնք կարող են նախանշել բոլորովին նոր Թուրքիայի մասին և նոր ժամանակաշրջանի մասին: Ի՞նչ էր ի վերջո այդ վերջին ընտրություններից ի վեր:

-Հունիսի 7-ի ընտրությունները բավական անսպասելի արդյունքներ բերեցին ոչ միայն արտասահմանյան դիտորդների համար, այլ նաև հենց իրենց՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության համար, քանի որ նրանք չէին սպասում, որ քրդամետ ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը կհաղթահարի 10 տոկոսանոց շեմը և կհայտնվի խորհրդարանում: Շատ հետաքրքիր է, որ արդեն ընտրություններից մեկ-երկու օր հետո Էրդողանի զինակիցները իրենց հրապարակային ելույթներում սկսեցին խոսել այն մասին, որ Թուրքիան կգնա նոր խորհրդարանական արտահերթ ընտրությունների: Այսինքն՝ հենց սկզբից ծրագրավորված էր այս իրադրությունը, որ պետք է Թուրքիան գնա նոր ընտրությունների:

-Այսինքն՝ խորհրդարանում այսպիսի ներկայության հետ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չէ՞ր կարող հաշտվել:

-Այո, և ըստ էության արդեն իսկ ընտրությունների առաջին օրերին հնչեցին դատողությունները, որ եթե կուսակցությունը իր սխալները ուղղի, որոնք թույլ տվեց նախընտրական պայքարի շրջանում, նա կարող է 4-5 տոկոս ձայններ ավել ստանալ, իսկ դա հնարավորություն կտա նրան ստեղծելու արդեն միատարր կառավարություն, և մենք տեսանք, որ այդպես էլ եղավ: Ես կարծում եմ, որ այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում, պայմանավորված էին այս նոր ընտրությունների նախապատրաստման տրամաբանությամբ:

-Այսինքն՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի այս ամբողջ գործընթացը ծրագրավորված էր՝ հասնելու այսպսի արդյունքի՞:

-Ես կարծում եմ, այն, որ ամերիկյան պատվիրակությունը գտնվեց Թուրքիայում գեներալ Ալենի ղեկավարությամբ, որը նախագահ Օբամայի անմիջական ներկայացուցիչն է, և այդ բանակցությունների արդյունքում ձեռք բերվեց Թուրքիայի համաձայնությունը: Ըստ էության, ես կարծում եմ, որ տեղի ունեցավ նաև որոշակի համաձայնություն ԱՄՆ կողմից՝ և՛ նոր ընտրություններ անցկացնելու, և՛ Ամերիկայի կողմից Թուրքիայի իշխանություններին, «Արդարություն և զարգացում» կուսակցությանը աջակցություն ցույց տալու առումով, որովհետև ԱՄՆ-ն որոշակի լծակներ ունի թուրքական քաղաքական էլիտայի վրա:

-Երևանը ինչպե՞ս պետք է հետևի այս զարգացումներին, ընդհանրապես Երևանի համար դիտարժան որևէ զարգացում կա՞ այսօր Թուրքիայում, թե՞ ոչ: Եվ, որպես գիտնական, ի՞նչ արտադրանքով պետք է սնեք իշխանություններին, որպեսզի նրանք էլ ըստ այդմ դիրքավորվեն:

-Շատ կարևոր է իրականացնել իրադրության մոնիտորինգ: Իրադրությունը շատ բարդ է, խճճված և շատ արագ է փոփոխվում, և պետք է ձեռքը պահել զարկերակի վրա: Այս առումով մեր ինստիտուտը վերջին երեք տարվա ընթացքում սկսել է հրատարակել «Ժամանակակից Եվրասիա» գիտական պարբերականը, և մենք փորձում ենք անդրադառնալ ամենաակտուալ խնդիրներին, որ տեղի են ունենում Մերձավոր արևելքում: Շատ կարևոր է, որ մենք հույսը չկորցնենք, ասենք, որ Սևրի պայմանագիրը պատմության գիրկը անցած փաստաթուղթ է: Այո, դա պատմական փաստաթուղթ է, չի գործում քաղաքական, իրավական առումով, բայց չպետք է մոռանալ, որ դեպքեր են լինում, երբ ուզած-չուզած վերադառնում ենք պատմական փաստաթղթերի, և դրա վրա հիմնված կառուցում նոր փաստաթղթեր: Եվ այս առումով մենք պետք է պատրաստ լինենք մեր պահանջները, փաթեթները ներկայացնել: Ես, իհարկե հեռու եմ այն մտքից, որ մեզ ափսեի վրա կհրամցնեն մեր երազած Հայաստանը: