Լուրեր
Թալանչիների և օլիգարխների դեմ «Խռաբրոյե սերդցե»-ի Մել Գիբսոնի նման պայքարեք, եթե կարող եք
  • 22:00
  • 2015-08-24
  • Դիտումներ՝ *

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը

-Պարոն Բոստանջյան, հարափոփոխ աշխարհում, որտեղ քաղաքական և աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում, տնտեսական աշխարհում ևս լուրջ և ֆունդամենտալ փոփոխություններ են: Փլուզվում է արժույթի շուկան, Մերձավոր Արևելքում լուրջ տատանումներ են, որից ուզես կամ չուզես, ազդվում ենք նաև մենք՝ առավելապես գերկախված լինելով ռուսական ռուբլուց: Այն փոփոխությունները, այն արժեզրկումները, որ այսօր տեղի է ունենում ռուսական ռուբլու հետ, նավթի գների հետ, ի՞նչ եք կարծում՝ տեղի ունեցողը ի՞նչ է, և որքա՞ն երկար կարող է այն շարունակվել:

-Այս անորոշ վիճակը պայմանավորված է այն հանգամանքով, որ բիոքաղաքական դեգերումները, տեղի ունեցող վայրիվերումները, ըստ էության, այնքան ոչ կառավարելի են, որ դժվար է ասել, թե որքան ժամանակ կարող է այս արհավիրքը շարունակվել: Բնական է, որ  քաղաքական նման զարգացումների պայմաններում, այո, տնտեսական համակարգերը, որպես այդպիսին, պետք է ունենան նման վարքագիծ, որը դրսևորվում է:

Մեր հանրապետությունը փոքր երկիր է, որը պատմականորեն տասնամյակների ընթացքում գտնվում է ռուսական ազդեցության գոտում, և դրանով պայմանավորված` ՀՀ-ն նույնպես գտնվում է ավելի շատ անորոշության մեջ, քան հենց նույն ինքը՝ Ռուսաստանը: Այս պարագայում անհրաժեշտ է մոբիլիզացնել բոլոր հնարավորությունները, մանևրել` գտնելով վիճակ, որպեսզի հանկարծ հետևանքները մեր երկրի համար չլինեն անդառնալի:

Հետաքրքրական է, որ առավել ազդվում են այն երկրները, որոնք շատ ավելի կախված էին նավթից և նավթի համաշխարհային գներից, ըստ էության, նավթի վերաբերյալ ամեն ժամ ստացվող լուրերը ուղղակի տագնապ են առաջացնում, և մենք գիտենք, որ 51 և դրանից ցածր դոլար արժողության պայմաններում Ռուսաստանին ադեն ձեռնտու չէ արդյունահանել նավթը, և բնականաբար դա իր ուղղակի ազդեցությունն է թողնում ողջ տնտեսության վրա: Իսկ մենք գիտենք, որ մեր հայրենակիցները շարունակում են այնտեղ աշխատել և վարձատրվել ռուսական ռուբլով, որը այլևս չունի այն արժեքը, որը օգնում էր նրանց հարազատներին Հայաստանում ապրել: Միևնույն ժամանակ մեր հարևանները, օրինակ՝ Ադրբեջանը, մի քանի օր է՝ արդեն արգելում է դոլարի վաճառքը, և տագնապը կարծես այնտեղ շատ ավելի տեսանելի է, կարծես թե մենք բախտավոր ենք, որ նավթ չունենք, և հարվածը այս իմաստով մեզ վրա այդքան ուղղակի չէ, միջնորդավորված է:

-Վերջերս Հայաստան հրեաներ էին եկել, որոնք նշել էին, որ մենք ապրում ենք դրախտում: Հարաբերականորեն եկեք այդպես էլ պատկերացնենք: Մոլորակում, սկսած նախնադարյան համայնական կարգերից մինչև օրս,  քաղաքական-տնտեսականը եթե թողնենք մի կողմ, եղել է ռեսուրսների պայքար: 21-րդ դարում ընդհանրապես ռեսուրսների պայքարը ավելի է սրվել: Միտքը, գաղափարախոսությունները հարմարեցվել են ռեսուրսների պայքարին: ԱՄՆ-ն, օրինակ, ռեսուրսների կտրվածքով իր վարքագիծը միշտ հիմնավորում է համապատասխան տեսական այլ մոտեցումով: Հիմա անկախ այդ ամեն ինչից, իհարկե, ռեսուրսների մեջ դոմինանտը մնում է նավթը: Էներգակիրների կտրվածքով, ընդհանրապես մարդկային շարժը, խթանիչ ուժը գտնվում է այստեղ:

Կարծում եք նավթը կվերադառնա և իր նախկին ազդեցությունը կունենա՞ և կշարունակի՞ ազդել համաշխարհային տնտեսության վրա:

-Իհարկե, անկախ այն հանգամանքից գինը իջել է, թե բարձրացել, նավթը այս պահին մնում է «զարգացման» կարևորագույն լծակ: Բոլոր դեպքերում այս վայրիվերումները, կապված ռեսուրսային պայքարի հետ, հատկապես առաջին մեծ հարվածը հասցնում են ՌԴ-ին՝ պայմանավորված նրանով, որ ամբողջ հազարամյակի ընթացքում հիմնականում ապրել է ռեսուրսների իրացմամբ:

Այսօր տեխնոլոգիական զարգացման պայմաններում, արդիական մոտեցումների պարագայում բնակաբար միայն ռեսուրսների իրացումը չի կարող տնտեսություն պահել: Այս պահին իրացման դաշտ է մտնում Իրանը: Այս պահին կուտակված այնքան նավթային պաշարներ կան, որոնց իրացման պարագայում, հավատացնում են, որ բարելի գինը կարող է իջնել մինչև 20 դոլարի: Այդ պարագայում Ռուսաստանի Դաշնության համար ընդհանրապես սրախողխողության պես մի բան է սպասվում: Բնականաբար մինչ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը այդ երկիրը բոլոր երկրների կտրվածքով փնտրում էր ճանապարհներ՝ էներգետիկ համակարգի ծառայությունների մասով՝ Իրանի հնարավորություններից օգտվելու: Ռուսաստանը ուզում է, թե չի ուզում, անկախ այն հանգամանքից, որ Պարսկաստանի հետ ունեցել է ոչ այնքան դժվար հարաբերություններ, բայց տվյալ պարագայում ռեսուրսների կռվի դաշտում արդեն դառնում են հակառակորդներ:

Պարոն Բոստանջյան, ի՞նչ պետք է անենք մենք: Դրամի հետ ի՞նչ կարող է տեղի ունենալ: Վերջերս Bloomberg-ը կանխատեսեց, որ համաշխարհային արժույթների շարքում դրամը ևս գտնվում է վտանգավոր ռիսկային գոտում: Տենգեյի արժեզրկումից հետո, երբ Ղազախստանի նախագահը հստակ նշեց պատճառները, թե ինչու պետք է տենգեն ազատ լողացող ռեժիմի մեջ դնել,   ինչպիսի՞ զարգացումներ եք պատկերացնում դրամի համար:

-Ընդհանուր առմամբ բոլոր տնտեսվարողներն էլ պարտավոր են որոշակի մեկնաբանություն կամ բացատրություն տալ, թե ինչի համար ազատ կուրս, ինչու է դրամը արժեզրկվում: Բոլոր դեպքերում դրա հետևում թաքնված է այն, թե որքան հզոր է երկիրը: Տվյալ պարագայում, եթե մենք ասում ենք ռեսուրսային պայքար ամբողջ մոլորակում,  նկատի ունենք այն երկրները, որոնք իսկապես տիրապետում են ստրատեգիական ռազմավարական բնույթի ռեսուրսների, իսկ մյուս երկրները, մինչև անգամ նույն Ղազախստանը, հզոր երկրներ չեն, որքան էլ պետականության համար, ատրիբուտներ ունենալու համար ստեղծել են իրենց արժույթը, այդ արժույթը, ըստ էության, նմանվում է լավ չօգտագործվող տրանսպորտի վկայականի, որը կարող է օգտագործվել կամ չօգտագործվել: Մենք հայտնվել ենք նման իրավիճակում: Գաղտնիք չէ, որ մեր երկիրը դոլարիզացված է: Դա արդեն նշանակում է, որ դրամը չի կարող անել ռիսկային գործառույթները: Այս փորձություններին դիմագրավելու համար կա հետևյալը՝ հնարավոր չափով պետք է կարողանալ գրոսմաստեր ձևով մանևրել, և պետք է քո տնտեսությունը զարգացնես:

Ինչպե՞ս..

-Տնտեսության զարգացման առումով հայ ժողովուրդը, ըստ էության, սարսափելի ստեղծագործ, աշխատող զանգված է, միայն շահագրգռվածության պայմաններում:

Նման կնճռոտ իրավիճակի պայմաններում բնականաբար ավելի զգույշ զանգվածը մտածում է իր ունեցած պոտենցիալը արդյոք հնարավոր չէ մի այլ տեղում օգտագործել և ստանալ դրանից մեծ բարիք, ունենալ սպառման բարձր մակարդակ: Հիմա մեր հանրապետությունում, ըստ էության, տեղի է ունենում նման զարգացում: Փաստորեն մի ճնշող մեծամասնությունը, որի միջոցով մենք պետք է ստեղծենք, ինչպես ամբողջ աշխարհն է, միջին խավ, նրանք որպես այդպիսին չկան:

Ռուսաստանի տնտեսական վիճակը չի կարող չանդրադառնալ ԵՏՄ նախագծերի վրա: Քանի որ ԵՏՄ-ն ձևավորվել է Ռուսաստանի առանցքի շուրջ, ՌԴ-ն է կարծես առաջին դոնոր երկիրը և պատասխանատուն այս միության կայացման համար: Բազմաթիվ քաղաքագետներ արդեն նշում են, որ առժամանակ պետք է կախակայել, սառեցնել միության ընդլայնումը, որոշ ծրագրեր ընդհանրապես պետք է դադարեցվեն: Ի՞նչ եք կարծում. որևէ հեռանկար, որևէ հնարավորություն կա՞:

-Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ ԵՏՄ-ի մեջ մեր հանգրվանելը այլընտրանք չունենալու պարագայում տեղի ունեցավ: Քաղաքական դեգերումների պայմաններում քաղաքական մեծ կռիվ է գնում: Հետապնդելով այսպիսի նպատակ՝ ՌԴ-ն, ըստ էության, այլընտրանք չունենալով, նոստալգիկ ձևով ուզում է վերականգնել ազդեցության բոլոր գոտիները: Մենք դեռևս, ԵՏՄ-ն որպես այդպիսին, տնտեսական հարաբերությունների կարգավորման առումով գրեթե ոչինչ չենք արել: Ավելին՝ եթե մինչև այս միությունը արտահանման առումով Ռուսաստանի համար որոշակի նախընտրելի դիրքեր ունեինք, այս պահին բավականաչափ ճանապարհներ փակվել են: ԵՏՄ-ն առայժմ, որպես այդպիսին, գոյություն չունի:

Մեզ չեն թողում Եվրոպա շարժվել, այսինքն՝ Եվրոպան էլ այդքան գրկաբաց հակված չէ մեզ ընդունելու, իսկ ՌԴ-ն թերևս մնում է խոպանային տեղամասը, որ գոնե մեր ունեցած ոչ արդիական մոտեցումներով ու ստեղծածով մենք կարող ենք գոնե ժամանակ շահել իրացման պարագայում:

Թալանչիները, կոռուպցիոներները կարո՞ղ են գնալ համակարգային փոփոխությունների:

-Ոչ, նրանք չեն գնա, ինչո՞ւ գնան: Պետք է հասարակությունը գնա: Հիշեք «Խռաբրոյե սերդցե» ֆիլմը՝ Մել Գիբսոնը, այ, նման ձևով գնացեք պայքարեք, չեք պայքարում, ուրեմն արժանի եք:

  • Դիտումներ՝ *