Նոյեմբերի 7-ին Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Ադրբեջանի իշխող կուսակցությունը հաղթում է Միլի մեջլիսի ընտրություններում: Նշենք, որ արդեն հաշվարկվել է քվեների 90 տոկոսը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն` 125-տեղանոց ադրբեջանական խորհրդարանում նախագահ Իլհամ Ալիեւի «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցությունը առնվազն 72 պատգամավոր կունենա:
Արմատական ընդդիմությունը ներկայացնող երկու կուսակցությունների` «Ժողովրդական ճակատի» եւ «Մուսավաթ»-ի նախընտարական դաշինքը հաջորդ գումարման խորհրդարանում ոչ մի պատգամավոր չի ունենա: Պաշտոնական տվյալների համաձայն` «Մուսավաթ»-ի առաջնորդ Իսա Ղամբարը պարտվել է իշխանամետ «Լիդեր» հեռուստաընկերության լրագրող Էթիբար Հուսեյնովին: Ընտրատարածքում, որտեղ առաջադրվել էր «Ժողճակատի» առաջնորդ Ալի Քերիմլին, հաղթել է նրա նախկին կուսակից, այժմ իշխանությունների հովանավորությունը վայելող Ֆարաջ Գուլիեւը: «Այս մարդիկ վերջնականապես կորցրել են իրականության զգացումը: Այն, ինչ արեցին իշխանություններն այս ընտրությունների ընթացքում, աշխարհում որեւէ մեկն իրեն թույլ չէր տա: Սա շատ ռիսկային ուղի է, որն Ադրբեջանը տանում է դեպի անդունդ: Ըստ ամենայնի՝ Իլհամ Ալիեւը կորցրել է պատասխանատվության զգացումը: Ադրբեջանի ժողովուրդը պետք է միավորվի եւ նրան պատասխանատվության ենթարկի», – նշել է Ալի Քերիմլին ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո: