Եվրամիության ներկայացուցիչները այսօր եւ վաղը կայանալիք միջոցառումներով կհայտարարեն Երեւանի մետրոպոլիտենի վերականգնողական նախագծի իրականացման մասին:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության մամուլի եւ տեղեկատվության կենտրոնը հաղորդել է, որ Երեւան ժամանած պատվիրակության այցի ընթացքում քննարկվելու են նաեւ ջրամատակարարման պայմանագրի ու Հայաստանի քաղաքապետարանների հետ վերականգնողական նախագծերի հարցերը:
Հաղորդագրության համաձայն` մետրոյի վերականգնողական նախագծով նախատեսվում է բավարարել առավել անմիջական անվտանգության նորացման կարիքները, այդ թվում` շարժակազմի նորացում, ռելսային ուղիների բարելավում, էներգամատակարարման վերանորոգում, պոմպերի փոխարինում, տեխնիկական սպասարկման ձեռնասայլակների ներդրում: Նախագծի առաջին փուլը հաստատվել է 2010թ. մարտին: Ծրագրի իրագործման համար հատկացվել է 5 միլիոն եվրո դրամաշնորհ` Եվրամիության՝ Հարեւանության ներդրումային գործիքի (ՀՆԳ) միջոցով, 5 միլիոն վարկ Եվրոպական ներդրումային բանկի կողմից, ինչպես նաեւ 5 միլիոն վարկ եւ 1 միլիոն տեխնիկական համագործակցության դրամաշնորհ՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից: Ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է լուծել այլ խնդիրներ` ներառյալ ջրամատակարարումը դեպի թունել`15 միլիոն եվրո արժեքով: