Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները՝ Ժողճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին եւ «Մուսավաթ»-ի ղեկավար Իսա Ղամբարը, խորհրդարանական ընտրությունների արդյունքում չեն անցել Միլի մեջլիս: Այդ մասին վկայում են նոյեմբերի 7-ին կայացած ընտրությունների նախնական արդյունքները, որոնք հրապարակված են ԿԸՀ-ի պաշտոնական ինտերնետ-կայքում:
Երկու կուսակցություններն ընտրություններում հանդես էին գալիս միասնական ընտրական դաշինքով, այդուամենայնիվ, այդ կուսակցություններից ոչ մի թեկնածու խորհրդարան չի անցել: Միակ ընդդիմադիր կուսակցությունը, որի ղեկավարը ներկայացված կլինի նոր խորհրդարանում` «Ումիդ»-ն է: Նրա նախագահ Իգբալ Աղազադեն դարձել Է կուսակցությունից ընտրված միակ պատգամավորը: Մինչդեռ Ադրբեջանի ժողովրդական ճակատ եւ «Մուսավաթ» կուսակցությունների ներկայացուցիչները հայտարարել են ընտրությունների համատարած կեղծումների մասին: