Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Ազնիվ Ղարիբյանի և նրա դեռ չծնված մանկիկի համար կարող էր խիստ ծանր հետևանքներ ունենալ նրանց մասնակցւթյամբ տեղի ունեցած ավտովթարը, եթե ամեն ինչ ժամանակին չկազմակերպվեր և մասնագիտական բարձր ունակություններ չդրսևորվեին։ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Ճամբարակի բժշկական կենտրոնից անմիջապես կապվել են ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի հետ և տեղեկացրել, որ 37 շաբաթական հղիի մոտ վթարի հետևանքով առաջացել է ընկերքի անջատում: Կինն ստացել էր գլխուղեղի ցնցում, ինչպես նաև տարբեր վնասվածքներ և սալջարդեր, առկա էր պտղի սուր շնչահեղձություն:
ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետի խորհրդատվության համաձայն, առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո ծննդկանն արագ տեղափոխվել է մայրաքաղաք: Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի մասնագետների ջանքերով փրկվել է ևս մեկ մոր և նորածնի կյանք:
Երիտասարդ կնոջ երկար սպասված երեխան լույս աշխարհ է եկել կեսարյան հատման ճանապարհով: 2.600 գր կշռող տղայի և մոր վիճակը բժիշկները գնահատում են բավարար: