Սպորտային կարատեի ուսանողական Եվրոպայի առաջնությունում, որը կայացել է Մոնտենեգրոյի Զաբլյակ քաղաքում, Հայաստանի ներկայացուցիչ 19-ամյա Էրիկ Գևորգյանը կումիտե մրցաձևի մինչև 60 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել: Դա Հայաստանի կարատեյի պատմության մեջ առաջին պաշտոնական մեդալն է WKF վարկածով Եվրոպայի առաջնությունում: Էրիկ Գևորգյանը պատասխանել է 1in.am Sport-ի հարցերին։
Սա առաջի՞ն նման խոշոր մրցաշարն էր քո մարզական կարիերայում։
Խոշոր մրցաշարերի շատ անգամներ եմ մասնակցել իմ մարզական կարիերայի ընթացքում, բայց Հայաստանի կարատեյի պատմության մեջ առաջին անգամն էինք մասնացում այս Եվրոպայի ուսանողական առաջնությանը:
Ի՞նչ կասես մրցակիցներիդ պատրաստականության, մրցաշարի կազմակերպվածության մասին։
Մրցաշարը անց էր կացվում Մոնտենեգրոյի Զաբլյակ քաղաքում և կազմակերպված էր շատ բարձր մակարդակով: Մրցակիցներս` ինչպես ես, բավականին լավ էին պատրաստվել մրցաշարին:
Բրոնզե մեդալը մեծ ձեռքբերում է մեզ համար, այնուամենայնիվ, ո՞րն է ճանապարհը մեդալի գույնը փոխելու համար։
Եթե կիսաեզրափակչում Պորտուգալացի մարզիկի հետ մենամարտի ժամանակ չլինեյն մրցավարական մի շարք վրիպումներ, վստահ եմ, որ կկանգնեի պատվո պատվանդանի 1-ին աստիճանին և կվերադառնայի ոսկե մեդալով, բայց բռոնզե մեդալը նույնպես շատ մեծ նվաճում է ինձ համար, որը նաև առաջին պաշտոնական մեդալն է Եվրոպայի առաջնություններում Հայաստանի կարատեյի պատմության մեջ: Մեդալի գույնը փոխելու համար հիմա պետք է էլ ավելի շատ և քրտնաջան աշխատեմ, որպեսզի հաջորդ մրցաշարերից վերադառնամ արդեն Ոսկե մեդալով:
Էրիկ, 19 տարեկանում հասցրել ես մի շարք մրցանակներ նվաճել։ Որո՞նք են գլխավոր նպատակներդ այս մարզաձևում։
Այս մարզաձևում գլխավոր նպատակս է Աշխարհի առաջնությունում կանգնեմ պատվո պատվանդանի առաջին աստիճանին և բարձրացնեմ մեր եռագույնը: 2020 թվականին կայանալիք Տոկիոյի օլիմպիական խաղերում սպորտային կարատեն կլինի արդեն Օլիմպիական մարզաձևերի շարքում։ Նպատակս կլինի մասնակցեմ և ոսկե մեդալ նվաճեմ արդեն օլիմպիական հարթակում:
Ի՞նչ ծրագրեր կան, ի՞նչ մրցաշարեր են սպասվում առաջիկայում։
Մինչ այս տարվա վերջ ունեմ եվս 2 մրցաշար: Սեպտեմբերին Ստամբուլում կմասնակցեմ WKF վարկածով KARATE1 PREMIER LEAGUE միջազգային մրցաշարին, իսկ նոյեմբերին տեղի կունենա տարվա ամենակարևոր ստուգատեսը` Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում կմասնակցեմ WKF վարկածով Սպորտային կարատեի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը և կներկայացնեմ Հայաստանը մինչև 60 կգ քաշային կարգում: