Հյուսիսային Ֆլորիդայի համալսարանի գիտնականներն իրենց վերջին հետազոտության ընթացքում եզրակացրել են, որ ծառ մագլցելը կամ գերանի վրա հավասարակշռությունը պահելը լավացնում է մտավոր կարողությունները: Ընդ որում՝ էականորեն: Առաջին հերթին բարելավվում է աշխատանքային (օպերատիվ) հիշողությունը, հայտնում է Perceptual and Motor Skills պարբերականը:
Փորձի մասնակիցները եղել են 18-59 տարեկան: Նախքան մասնակիցներին սպորտային հարթակ ուղարկելը՝ ստուգվել է բոլորի աշխատանքային հիշողության ծավալը:
Հետո մասնակիցներն ակտիվորեն մարզվել են: Բոլոր վարժությունները կապված են եղել տարածությունում մարմնի մասերի դիրքի զգացողության վրա: Կիրառվել են ծառ մագլցելը, գերանի վրա հավասարակշռությունը պահելը, բոբիկ կամ խոչընդոտներով վազելը և այլն:
Ստեղծվել է նաև ստուգողական խումբ, որի մասնակիցները յոգայով են զբաղվել կամ դասախոսություն են լսել:
2 ժամ հետո հետազոտողները նորից ստուգել են աշխատանքային հիշողության ծավալը: Նրանց դեպքում, ովքեր յոգայով են զբաղվել կամ դասախոսություն են լսել, այդ ծավալը չի փոխվել: Իսկ հիմնական խմբի դեպքում այն աճել է 50%-ով: