Չինական Alibaba Group խոշորագույն ինտերնետ հոլդինգը Չինաստանի գիտությունների ակադեմիայի հետ համատեղ քվանտային համակարգչի մշակում է սկսել: «Բեյցզին ցիննյան բաո» պարբերականի հաղորդմամբ՝ մեքենայի հաշվողական հզորությունը տրիլիոն անգամ կգերազնացի ժամանակակից սուպերհամակարգիչներին:
Alibaba Group-ն առաջին չինական ընկերությունն է, որը սկսել է քվանտային համակարգչի մշակում ամերիկյան Google, Microsoft և IBM ընկերություններից հետո: Միաժամանակ, Alibaba Group-ի տեխնիկական տնօրեն Վան Ցզյանը հայտարարել է, որ ներկայումս ընկերության մասնակցությունը նախագծին պայմանավորված է «բացառապես գիտական շահերով»: «Մենք դեռ լիովին չենք հասկանում՝ ինչպես հնարավոր կլինի օգտագործել այդ տեխնոլոգիան կոմերցիոն նպատակներով»,- ասել է նա:
Ակադեմիկոս Պան Ցզյանվեյի կանխատեսմամբ՝ չինացի գիտնականները քվանտային համակարգիչ կստեղծեն «առաջիկա 10-15 տարում»: