Ինչպես հայտնի է, Բաղրամյան պողոտայի ցույցերի ամենաթեժ պահին` հունիսի 27-ին, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը 7 դրամով սուբսիդավորվելու է պետության կողմից: Սակայն հանրությանը չէր ներկայացվում ո´չ այդ սուբսիդավորման աղբյուրը, ո´չ էլ այն, թե բաժանորդների կոնկրետ ո՞ր խմբերին է տրամադրվելու այդ սուբսիդավորումը:
Այդ կապակցությամբ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, պատասխանելով «Իրազեկ քաղաքացիների միավորման» հարցմանը, արդեն երկրորդ գրությամբ վերահաստատում է, որ դեռևս հստակեցված չեն այդ սուբսիդավորման աղբյուրները և շահառուների շրջանակը:
Այսինքն, Հայաստանի կառավարությունում դեռևս չգիտեն, թե որտեղի՞ց են գտնելու խոստացված սուբսիդավորման գումարները, չգիտեն նաև, թե կոնկրետ ո՞ր բաժանորդների էլեկտրաէներգիան են սուբսիդավորելու, թեև նոր սակագինն ուժի մեջ է մտնում արդեն վաղվանից: