Մյունխենի «Բավարիա»-ի նախկին կիսապաշտպան Շտեֆան Էֆենբերգը վստահ է, որ թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի երկարաձգի ակումբի հետ իր պայմանագրի ժամկետը: Իսպանացի մասնագետի՝ գերմանական ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2016 թվականի հունիսը: Էֆենբերգը նշել է, որ «Բավարիա»-ն կարող է գլխավորել Դորտմունդի «Բորուսիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
«Մտածում եմ Կլոպի մասին: Վստահորեն կարող եմ ասել, որ Յուրգենն այլընտրանք է «Բավարիա»-ի համար: Վստահ եմ նաև, որ Գվարդիոլան չի երկարաձգելու մյունխենյան ակումբի հետ իր պայմանագրի ժամկետը»,- Sky-ը մեջբերում է Էֆենբերգի խոսքերը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ մյունխենյան ակումբի կառավարման խորհրդի նախագահ Կառլ Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ աշխարհի վերջը չի լինի, եթե Գվարդիոլան հեռանա «Բավարիա»-ից: