Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը կոչով դիմել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցությանը (PKK)` սեփական ակցիաները դադարեցնելու համար։
Դեմիրթաշը կարևորել է PKK-ականների կողմից ավտոմեքենաները հրկիզելու պրակտիկայի դադարեցումը՝ ընդգծելով, որ դրանից տուժում են միայն դրանց տերերը, և որ դա չի վնասում որևէ այլ մեկին։
Դեմիրթաշի խոսքով՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը երկխոսություն վարելն է և («Քրդական հարցի») կարգավորման գործընթացը առաջ տանելը։
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Թուրքիայում քրեական գործ են հարուցել Դեմիրթաշի նկատմամբ՝ նախորդ տարվա հոկտեմբերին «ազգամիջյան բախումներ հրահրելու» համար։ Դեմիթաշին սպառնում է մինչև 24 տարվա ազատազրկում։