Ռեփեր Չիֆ Քիֆը Instagram-ի իր էջում հայտարարել է Չիկագոյի քաղաքապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու ծրագրերի մասին, հաղորդում է The Guardian-ը:
«Կընտրվեմ քաղաքապետ: Քվեարկեք ինձ համար: Ինչպես նաև զանգահարեք քաղաքապետ Ռամ Էմանուելին և փոխանցեք, որ հեռու մնա երաժիշտներից»,- գրել է նա սոցկայքի իր էջում` հաղորդագրությունում նշելով նաև քաղաքապետարանի հեռախոսահամարը:
Ռեփերը որոշել է առաջադրվել այն բանից հետո, երբ գործող քաղաքապետ Ռամ Էմանուելն արգելել է մի քանի համերգներ, որտեղ նա պետք է ելույթ ունենար ձայնագրության միջոցով: Չիֆ Քիֆը սակայն խուսափում է Չիկագոյում հանգիստ շրջելուց, քանի որ ալիմենտները չվճարելու համար հետախուզվում է տեղի ոստիկանության կողմից:
Ռեփերը մի քանի անգամ քննադատվել է իր երգերի տեքստերի բովանդակության պատճառով, որոնք, ըստ նրա հակառակորդների, գովաբանում են սպանությունները, բռնությունը, թմրանյութերն ու հանցախմբերը: