Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ «վեցյակի» և Իրանի միջև ձեռք բերված համաձայնագիրը կործանիչ հարված է հասցնում ԴԱԻՇ-ին և նոր հնարավորություններ է բացում ավելի ակտիվ տարածաշրջանային համագործակցության համար։ Այդ մասին նշված է թերթում հրապարակված՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հոդվածում։
Ըստ Մոգերինիի՝ խոսքը միայն ԴԱԻՇ-ի մասին չէ. անկայունությունը ցնցում է ամբողջ Մերձավոր Արևելքը: «Մենք պետք է վերբեռնենք քաղաքական գործընթացները՝ պատերազմներին վերջ դնելու համար։ Մենք պետք է տարածաշրջանային բոլոր պետություններին նստեցնենք բանակցային սեղանի շուրջ և կանգնեցնենք արյունահեղությունը։
Իրանի, նրա հարևանների ու միջազգային հանրության միջև համագործակցությունը կարող է մեծ հնարավորություններ բացել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար՝ սկսած Սիրիայից, Իրաքից ու Եմենից։ Թերահավատները պնդելու են, որ դա քիչ հավանական է կամ անհնար։ Վատատեսները զգուշացնելու են վտանգների մասին։ Սակայն Վիեննայի բանակցությունները ցույց են տվել, որ կարելի է լուծել բոլոր խնդիրները, եթե կա քաղաքական կամք՝ բարդությունները հաղթահարելու համար»,- ասել է նա։
Մոգերինին այսօր մեկնում է Իրան, որի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ քննարկելու է միջուկային համաձայնագրի իրագործման հարցը։