Երեկ Նոր Հաճընում իր կառուցած սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծումից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը պարզապես փախավ հավաքված ժողովրդից:
Սերժ Սարգսյանին ճանապարհելուց հետո երբ նա փորձեց նստել մեքենան, եկեղեցու առաջ հավաքված մարդիկ փորձեցին մոտենալ: Թիկնապահները, սակայն, Գ.Ծառուկյանի մեքենան ընդհուպ մոտեցրել էին եկեղեցու մուտքին ու նրան շրջապատելով՝ մի կերպ մտցրին մեքենան: Իսկ մեքենայի մոտ էր գտնվում մի հաշմանդամ երեխա, որի համար մայրը Գ.Ծառուկյանից հավանաբար ցանկանում էր օգնություն խնդրել: Թիկնապահները հաշմանդամի սայլակն ու Գ.Ծառուկյանի գլուխը սեղմելով՝ նրան մտցրին մեքենան: «Մեքենան գրկելով տարեք»,- հետևից գոռաց մի կին: