Ալկոհոլի նկատմամբ հակվածություն ունեցող մարդիկ արագացնում են իրենց օրգանիզմի ծերացումը, նաև մեծացնում են քաղցկեղով հիվանդանալու ռիսկը: Այսպիսի եզրակացության է եկել Անդրեա Նակարելիի գլխավորած գիտնականների թիմը Միլանի համալսարանից՝ հայտնում է mignews.com-ը:
Մասնագետները պարզել են, որ սպիրտային խմիչքից վնասվում են վաղաժամ ծերացման և ուռուցքային հիվանդությունների հետ կապված բջիջները: Մասնավորապես, ալկոհոլն առաջացնում է սթրես և բորբոքումներ քրոմոսոմների վերջնամասերում:
Իտալացի գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 250 կամավորի, որոնց մի մասն օրական ավելի քան 4 բաժին ալկոհոլ է խմել: Բոլոր մասնակիցները մոտավորապես նույն տարիքի են եղել: Ռիսկի մյուս գործոնները ևս՝ դիետան, ֆիզիկական ակտիվությունը, աշխատանքի հետ կապված սթրեսները, շրջակա միջավայրի պայմանները, համընկել են: